Panorama.am-ը գրում է․

ՅՈՒՆԻՍԵՖ-ը գլխավորելու է ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութի գնումների և մատակարարման աշխատանքները: Սա, ամենայն հավանականությամբ, աշխարհում պատվաստանյութերի՝ ամենամեծածավալ և ամենասեղմ ժամկետներում իրականացվող գործընթացն է լինելու, որն իրականացվելու է նորաստեղծ ՔՈՎԻԴ -19 պատվաստանյութի համաշխարհային հասանելիությունը ապահովող (COVAX) կառույցի կողմից։ Կառույցը ղեկավարում է Գավի պատվաստանյութերի գլոբալ դաշինքը։ Այս մասին հայտնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակից: 

Պատվաստանյութերի վստահելի արտադրողների և Առողջապահության համաամերիկյան կազմակերպության (PAHO) Revolving հիմնադրամի հետ համագործակցելով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը COVAX-ի անունից կապահովվի ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութի գնումների և մատակարարումների գործընթացը 92 ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների համար։ Գնումների գործընթացում ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցելու է նաև 80 միջինից բարձր եկամուտ ունեցող այն երկրներին, որոնք մտադիր են գնել պատվաստանյութը պետական միջոցներով:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը գնումների և մատակարարման գծով առաջնորդի դերը ստանձնելու է ԱՀԿ-ի, Գավի դաշինքի, CEPI-ի, PAHO-ի, Համաշխարհային բանկի, Բիլ և Մելինդա Գեյթս հիմնադրամի և այլ գործընկերների հետ համագործակցելով։ COVAX կառույցը բաց է աշխարհի բոլոր երկրների համար և նպատակ ունի ապահովել, որ ՔՈՎԻԴ-19-ի պատվաստանյութը հասանելի լինի բոլոր երկրներին։

«Սա կառավարությունների, արտադրողների և միջազգային կառույցների համատեղ ուժեր պահանջող համագործակցություն է՝ հանուն կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը։ «Պատվաստանյութի մեր ընդհանուր փնտրտուքի մեջ ՅՈՒՆԻՍԵՖ-ն ապահովելու է, որ պատվաստանյութի առաջին չափաբաժինները (երբ դրանք հասանելի դառնան) հասնեն բոլոր երկրներ անվտանգ, արագ և հավասար հիմունքներով»։

ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխարհում պատվաստանյութերի ամենամեծ գնորդն է, որը տարեկան ավելի քան 2 միլիարդ դեղաչափ պատվաստանյութ է ձեռք բերում 100 երկրի պլանային պատվաստումների, ինչպես նաև բռնկումներին արձագանքելու համար։ Իր գնումների արդյունավետ գործընթացի շնորհիվ վերջին 20 տարիների ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ը կյանքը փրկող պատվաստանյութեր է հասցրել ավելի քան 760 միլիոն երեխայի՝ կանխարգելելով ավելի քան 13 միլիոն մահ։

COVAX կառույցի անունից ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ դիմումների ընդունման հայտարարությանն արձագանքել է 10 երկրում արտադրական միավորումներ ունեցող 28 կազմակերպություն՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ին տրամադրելով մինչև 2023 թվականը ՔՈՎԻԴ-19 պատվաստանյութերի իրենց տարեկան արտադրական ծրագրերը: Ըստ այդ տվյալների՝ պատվաստանյութի ստեղծումից մինչև արտադրություն ընկած ժամանակահատվածը, թերևս, պատմության մեջ ամենասեղմ ժամկետներում իրականացված գիտաարտադրական թռիչքը կարող է դառնալ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել