Հանգամանքների բերումով երկու օրում երեք բուժհաստատություն եմ այցելել՝ մեկը՝ մասնավոր, մյուսները՝ պետական։

Պետականներից մեկում չջերմաչափեցին։ Երկու անգամ մտել եմ, երկու անգամ էլ անցա առանց չափելու։ Ջերմաչափ կար, ջերմաչափող էլ, բայց երևի որոշեց, որ ես վտանգավոր չեմ։

Պետական երկու բուժհաստատություններում էլ նույնիսկ բուժանձնակազմի մոտ դիմակների հանդեպ բավականին արհամարհական վերաբերմունք էր։ Անձնակազմից ոմանց մոտ քթից իջեցրած էին դիմակները, ոմանք էլ կաբինետներում առանց դիմակի էին նստած մի քանի հոգով, բայց երբ մտնում էի, արագ հագնում էին։

Մասնավորում ջերմաչափում էին, դիմակներ էլ կային։ Բայց պարզվեց, որ գնալս անիմաստ էր, որովհետև սխալ բան էին ասել...

Եւ մի բան ընդհանուր էր երեք տեղում էլ. ամենուր անիմաստ թղթամրություն, անիմաստ հերթեր, անիմաստ ժամանակի կորուստ և աշխատանքի ահավոր անարդյունավետ կազմակերպում։

* * *

Երեկ շուկա էի մտել։ Առաջ մինչև ջերմությունը չչափեին, ներս չէին թողնում։ Այս անգամ ջերմաչափող չկար։ Առևտրականների մեծ մասը դիմակ ընդհանրապես չուներ։ Գնորդներն էլ՝ ով ոնց պատահի։

Չնայած, եթե նույնիսկ պետական բուժհաստատություններում նորմալ չեն հասկանում, թե կորոնավիրուսն ինչ է, ապա շուկայի առևտրականից դա գիտակցել պահանջելը լրիվ անիմաստ է։

#անտերություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել