Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Երվանդ Խունդկարյանը Ազգային ժողովում երդվեց:

«Սահմանդրական դատարանի նորընտիր դատավորներից Երվանդ Խունդկարյանը երկու օր առաջ չէր կարող երդվել, ահա այսօր Բարձրագույն դատական խորհուրդը հաստատել է պարոն Խունդկարյանի հրաժարականը Վճռաբեկ դատարանի պաշտոնից, և ես նրան երդման համար ամբիոն եմ հրավիրում»,- հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

Դատավորը վստահության համար շնորհակալություն հայտնեց դատավորական համայնքին և ԱԺ պատգամավորներին։ «Հավաստիացնում եմ, որ ոչ թե խոսքով, այլ գործով ամեն ինչ պետք է անեմ Սահմանադրական դատարանի իմ գործընկերների հետ միասին էլ ավելի ամրապնդելու սահմանադրական արժեքները ՀՀ-ում»,- ասաց նա և ընթերցեց երդման տեքստը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում ՍԴ դատավորների քվեարկությանը մասնակցել է 88 պատգամավոր, ՍԴ թեկնածուներից Երվանդ Խունդկարյանին կողմ է քվեարկել 84 պատգամավոր, դեմ՝ 2, երկու քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Արթուր Վաղարշյանին կողմ է քվեարկել 86 պատգամավոր, դեմ՝ մեկ, մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:
Էդգար Շաթիրյանին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ՝ 3:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել