Ո՞վ էր Շարիկովը: Շարիկովը մարդ դարձած շուն չէր, այլ կոնկրետ մարդ էր՝ գող-ռեցիդիվիստ ու դարմայեդ Կլիմ Չուգունկինն, որին փրկելու համար պրոֆեսոր Պրեոբրաժենսկին փոխպատվաստել էր փողոցային բարի շուն Շարիկի հիպոֆիզը և սերմնահեղուկների գեղձերը:

Արդյունքում ստացվել է համեստ ինտելեկտով օժտված, լկտի, անդաստիարակ ու ոչնչի չընդունակ քաղաքացի Շարիկովը:

Ինչ վերաբերում է քաղաքացի Չուգունկինին, ապա այդպես էլ անհայտ է՝ հեղափոխությանը մասնակցե՞լ է, թե՞ պահը բաց է թողել։ Ըստ երևույթին, սխալ է կողմնորոշվել ու պահի հնարավորությունը բաց է թողել, այլապես տանն աշխատող հակահեղափոխական պրոֆեսորի հույսին չէր մնա։

Չուգունկինի ու Շարիկ հիբրիդը քաղաքացի Շարիկովն էր, որը քննադատական մեծ ձիրքով էր օժտված ու փորձում էր տեր կանգնել «իսկական» հեղափոխությանը, քանի որ այլ բանի ընդունակ չէր։ Նա Ֆեյսբուքում (կներեք, անանուն նամակներում) բացահայտում է հեղափոխական արժեքներին դավաճանած մարդկանց ու նախկիններին, որոնք թաքնվել են հեղափոխական արդարադատությունից։ Նա մարտիկ էր ու ժամանակի իրական կերպարը։

Շարիկովն իրականանում քաղաքական գործիչ է, և եթե ժամանակներն այլ լինեին, օրինակ՝ մեր օրերը, հաստատ ցույցերի կմասնակցեր, կուսակցություն կստեղծեր կամ էլ երկրորդ էշելոնի հեղափոխականների ցուցակով պատգամավոր կդառնար։

Շարիկովը նաև հռետորական ձիրք ուներ և մեր օրերում հասարակ մարդկանց համար հասկանալի լեզվով կբացահայտեր ժամանակի արատներն ու երկրորդ սերնդի հեղափոխության կոչերով հանդես կգար, որովհետև առաջինին չի մասնակցել, առաջինի ժամանակ նույնպես բազմաթիվ Շարիկովներ կային, որոնք արդեն բյուրոկրատացել են ու մի քանի քաղաքական տերմինոլոգիաներ են արդեն սովորել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել