Հնում մետաղադրամների մեծ մասը պատրաստվում էր ոսկուց, որի մաքրությունը ստուգելը խնդրահարույց էր։ Մարդիկ կծում էին դրամը՝ հասկանալու համար՝ իրակա՞ն է այն, թե՞ ոչ։ Շվեյցարացի քիմիկոսները ոսկի են սինթեզել պլաստիկից։

Գիտնականներն իրենց առջև խնդիր են դրել՝ անել այնպես, որ թանկարժեք մետաղի նոր տեսակն անհամեմատ ավելի թեթև լինի, քան օրիգինալը։ Իսկ ինչպե՞ս անել դա։

Որպես հիմք գիտնականները վերցրել են պոլիստիրոլի լատեքսային մատրիցա, որին ավելացրել են ոսկու մոնոկրիստալներ։ Վերջիններիս աճեցման համար օգտագործել են բետա-լակտոգլոբուլինի կաթնային սպիտակուց, որն օգնում է ոսկու իոնների ամրացմանը։ Գործընթացն իրականացվել է տաք ջրում 16 ժամվա ընթացքում։ Ապա հեղուկին ավելացրել են պոլիմերներ և աղ։ Վերջիններիս փոխազդեցությամբ հեղուկից առաջանում է հիդրոգելի նմանվող մի նյութ, որը ածխաթթու գազով չորացնում են և աերոգելի վերածում, ապա ստացվածն այրում են 105 աստիճան տաքությամբ։

Ստացված ոսկու խտությունը 10 անգամ ավելի քիչ է, քան մետաղական իրական ոսկունը։ Այնուամենայնիվ, ոսկու այս նոր տարբերակը կարելի է օգտագործել, ինչպես հասարակ ոսկին, օրինակ՝ էլեկտրոնիկայում կամ ժամացույցի մասեր պատրաստելիս։ Այն հեշտորեն մեխանիկական մշակման է ենթարկվում հասարակ պլաստիկի նման։

Թե ինչ գին կունենա պլաստիկ ոսկին, դեռևս հայտնի չէ, քանի որ գիտնականները ցանկանում են իրենց հայտնագործությունը կատարյալ դարձնել, ավելի ամուր ու որակյալ հատկանիշներ հաղորդել դրան, ապա հայտնել արժեքի մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել