Panorama.am-ը գրում է․

Այսօր ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 70-րդ նստաշրջանում 53 անդամ պետությունների առողջապահության նախարարները և հանրային առողջապահության ղեկավարները հավանություն տվեցին 2020-2025թթ. ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի աշխատանքային նախագծին, որը սահմանում է, թե կազմակերպությունը և նրա անդամ պետությունները ինչպես պետք է համագործակցեն առաջիկա 5 տարիներին քաղաքացիների՝ առողջությանն առնչվող ակնկալիքները բավարարելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է WHO Armenia-ն

«Մարդիկ արդարացիորեն պահանջում են որակյալ, մատչելի առողջապահություն: Նրանք ակնկալում են, որ առողջապահական մարմինները կպաշտպանեն իրենց առողջությունը արտակարգ իրավիճակների ժամանակ, և ցանկանում են ապրել բարեկեցիկ ու առողջ համայնքներում: Այսօր հաստատված նախագիծն առաջարկում է հենց այդ պահանջները բավարարելու քայլերը», - ասել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն դոկտոր Հանս Կլուգեն։
Նախագծի շրջանակում գերակայությունը տրվում է հետևյալ 3 ուղղություններին.

• երաշխավորել որակյալ բուժօգնության համընդհանուր մատչելիության իրավունքը՝ զերծ մնալով ֆինանսական դժվարությունների հանդեպ վախից,
• ապահովել պաշտպանություն արտակարգ իրավիճակներից,
• կառուցել առողջ համայնքներ, որտեղ հանրային առողջապահությունը և համապատասխան պետական քաղաքականությունը կապահովեն բարեկեցիկ պայմաններ:

Այս հիմնական սկզբունքները ներառված են 2030թ. Կայուն զարգացման 17 նպատակներում, ինչպես նաև համահունչ են 2019-2023թթ ԱՀԿ-ի աշխատանքային նախագծում ներկայացված ընդհանուր նպատակներին:

«COVID-19-ը բացահայտեց մեր առողջապահական համակարգերի ուժեղ և թույլ կողմերը։ Ամենախոցելի կողմն այն է, որ տարեցներն ու հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք արտակարգ իրավիճակների պայմաններում առավել խոցելի են դառնում: Քաղաքական գործիչները պետք է լսեն առողջապահական կառույցների ղեկավարների ու գիտնականների ձայնը, քանի որ առողջությունն ու տնտեսությունը անքակտելիորեն փոխկապակցված են: Համավարակը մեզ ստիպեց շատ արագ անդրադառնալ այս խնդիրներին, իսկ ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի աշխատանքային նախագիծն ուղղորդում է մեզ այդ խնդիրները լուծել այնպես, որ ձևավորվի վստահություն և առողջ հասարակություն», - եզրափակեց դոկտոր Կլուգեն:

COVID-19-ից քաղած դասերը

Նստաշրջանի ընթացքում դոկտոր Կլուգեն խոսեց նաև COVID-19 համավարակի ժամանակ եվրոպական տարածաշրջանում առողջապահական ծառայությունների մատուցմանը խոչընդոտող երևույթների մասին.

• Անդամ պետությունների 68%-ը ոչ վարակիչ հիվանդությունների առողջապահական ծառայություններն իրականացնելիս առերեսվել է խնդիրների, այդ թվում՝ շաքարախտի, հիպերտոնիայի և քաղցկեղի հետազոտությունների ժամանակ:

• Երկրները հայտնում են կրծքագեղձի քաղցկեղի պատճառով մահացության 10 տոկոս և հաստ աղիքի քաղցկեղի պատճառով մահացության 15 տոկոս աճի մասին:

• Տարածաշրջանի 6 երկրներում խախտվել է պատվաստումների բնականոն ընթացքը:
• Մայիսին 28 երկրներ հայտնել են տուբերկուլոզի դեպքերի վերաբերյալ ծանուցումների 50 տոկոս նվազման մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել