ՀՀ ԱԺ պատգամավոր, քայլիստ, հայտնի ՀՀՇ-ՀԱԿ-ական Անդրանիկ Քոչարյանը հարցազրույց է տվել հայաստանյան ԶԼՄ-ներից մեկին, որտեղ ներկայանում էր որպես հրեշտակ, արդարության ջատագով և իրեն թույլ էր տալիս խոսել արդարադատության համակարգի անկատարելիությունից։ Սկսեմ նրանից, որ Հայաստանում արդարությունից և արդարադատությունից կարող են խոսել շատերը, բայց ոչ Անդրանիկ Քոչարյանը, որին շատ լավ գիտեն և նրա գործունեությանը շատ լավ հիշում են Գյումրիում, ով ընդամենը հույսը դրել է ժողովրդի «ամնեզիայի» վրա և մտածում է, որ իր չարագործությունները մոռացված են։ Այո՛, Հայաստանի նախկին իշխանավորներն են մեղավոր, որ Անդրանիկ Քոչարյանին հասարակության կողմից վերագրվող հանցագործություններն այդպես էլ չքննվեցին, ու հիմա այդ անձն իրեն թույլ է տալիս խոսել արդարությունից և արդարադատությունից։

Չեմ անդրադառնա Անդրանիկ Քոչարյանի` նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին հնչեցված զրպարտանքներին, քանի որ այն, ինչ նա ասում էր՝ աշխատավարձի ստացումը «Սիստեմա»-ից, բազմիցս է հերքվել։ Անդրանիկ Քոչարյանին, պարզվում է, անհրաժեշտ է, որ Քոչարյանը հերքի այն տեղեկությունները, թե իբր նա 600 միլիոն դոլարի ներդրում է արել վերը նշված ընկերությունում։ Շատ լավ։

Իսկ Անդրանիկ Քոչարյանը մինչև հիմա ինչո՞ւ չի պատասխանում այն կոնկրետ հարցերին, որոնք նրան արդեն 25 տարի է՝ ուղղում են բազմաթիվ մարդիկ՝ կապված Շիրակի մարզում իր անփառունակ և հրեշավոր գործունեության հետ։

Իսկ հարցերը շատ կոնկրետ են, որոնց պատասխաններին շիրակցիները և բազմաթիվ գյումրեցիներ մինչև հիմա սպասում են։

Անմեղության կանխավարկածը չխախտելով` հիշում եմ իմ պատանեկան տարիներին Գյումրիում Անդրանիկ Քոչարյանի մասին պտտվող լուրերը, որոնք նա մինչև հիմա չի հերքել։

Մոտ հազարի հասնող վերամբարձ կռունկների քաղաքի վերածված Գյումրիում այդ նույն վերամբարձ կռունկները շատ արագ անհետացան, երբ 1994 թ․-ին Քոչարյանը նշանակվեց աղետի գոտում կառավարության արտակարգ և լիազոր ներկայացուցիչ։ Քաղաքի փողոցներից անհետացան նաև հազարավոր տարբեր շինտեխնիկաներ, որոնց մեջ կային բավականին թանկարժեք գերմանական, ճապոնական և այլ երկրների շինտեխնիկայի նմուշներ։ Գյումրիում մինչև հիմա պատմում են, թե ինչպես Անդրանիկ Քոչարյանը և Լևոն Տեր-Պետրոսյանի եղբայրը՝ «Հրազդանմաշ»-ի այդ ժամանակվա տնօրեն Թելման Տեր-Պետրոսյանը, ահռելի քանակությամբ շինանյութ են դուրս բերել աղետի գոտուց, ինչպես նաև ուղղակի թալանել են հայտնի «Տեքստիլ» ֆաբրիկան՝ կոպեկներով իրանցիներին վաճառելով չեխական և այլ երկրներից գործարանին նվիրաբերված մեծ քանակությամբ սարքավորումներն ու հաստոցները։ Ասում են, որ իրանցի գործարարների հետ բանակցություններ վարող որոշ թարգմանիչներ ողջ-առողջ են և շատ լավ հիշում են այդ աղետալի գործարքների մանրամասները։

Իսկ Քոչարյանի` Գյումրիում ցոփ ու շվայտ կյանքի մասին էլ չասեմ։ Լեգենդները մինչև հիմա պտտվում են։ Ըստ այդ ժամանակ տարածված լուրերի՝ Քոչարյանը նաև ակտիվ մասնակցել է 1995 թ․-ի Սահմանադրական հանրաքվեի և ԱԺ ընտրությունների արդյունքների կեղծմանը։

Այս ամենի արդյունքում Անդրանիկ Քոչարյանին գյումրեցիները տվեցին «Հրեշ Անդո» մականունը։ Նիկոլի իշխանության որոշ փայատերեր հույսը դրել են մարդկանց կարճ հիշողության վրա՝ մտածելով, որ իրենց անփառունակ և, ըստ լուրերի, հանցավոր անցյալը մոռացված է։

Զավեշտ է, բայց փաստ․ «Հրեշ Անդո» մականունը կրողն իրեն հրեշտակի տեղ է դրել ու մինչև հիմա ծպտուն չի հանում իր` այդ ժամանակաշրջանի գործունեության վերաբերյալ պտտվող լուրերի մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել