Pastinfo.am-ը գրում է․

«Ես կարծում եմ՝ ավելին, քան պարոն Ջուլֆալակյանը և խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն են ասել, ավելացնել բան չեմ կարող»,- այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատից հրաժարվելուն: Հարցին, թե բազմիցս է խոսվել, որ անհամաձայնություններ կան պատգամավորների և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի միջև, պատգամավորը նշեց.

«Այո, կան բազմաթիվ քննարկումներ, բազմաթիվ խնդիրներ, որոնց շուրջ ունենում ենք զրույցներ գործադիրի մեր գործընկերների հետ և մեր վեճը բազառապես գաղափարական է: Այս իմաստով կարծում եմ, որ մեր հայրենակիցների՝ տասնամյակներ շարունակ ունեցած երազանքները ի կատար են ածվել: Կա առողջ աշխատանք, առողջ համագործակցություն պառլամենտի և կառավարության միջև: Պարոն Ջուլֆալակյանը հանդես է եկել հայտարարությամբ, ես ինձ իրավունք չեմ վերապահի ասել ավելին, քան պարոն Ջուլֆալակյանը հայտարարել է: Բոլոր դեպքերում ինքս հույս ունեմ, որ այդ որոշումը կփոխի: Իմ գործընկեր Արսեն Ջուլֆալակյանի հեռացումը օրենսդիրից վնասում է թե՛ ոլորտին, թե՛ հանձնաժողովին: Արսեն Ջուլֆալակյանը եղել ու մնում է ոլորտի լավագույններից, փայլուն պատգամավոր, որ մեկ ու կես տարվա ընթացքում ապացուցել է: Ամեն դեպքում, որևէ մեկը չի շահելու, եթե պարոն Ջուլֆալակյանը դնի իր մանդատը: Հույս ունեմ, որ խնդիրները կկարգավորվեն և ինքը կփոխի իր որոշումը: Ես նրան հորդորել եմ հետ վերցնել դիմումը, ես տխրել եմ այդ կապակցությամբ, կարծում եմ՝ շատ շատերը ևս»,- ասաց Մխիթար Հայրապետյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել