Որոշ մարդիկ, գտնվելով ծխողների ներկայությամբ, չեն պատկերացում, թե որքան լուրջ ռիսկի են ենթարկում իրենց առողջությունը: Ճշմարտությունն այն է, որ պասիվ ծխելը, այսինքն ծխախոտի ծուխը շնչելը, նույնքան վնասակար է առողջության համար, որքան ակտիվը:

Ինչպես հայտնում է Medportal.ru-ն, պասիվ ծխելը առաջացնում է նույն հիվանդությունները, ինչ որ ակտիվը: Ծխախոտի ծխի ազդեցության որոշ հետեւանքներ անմիջապես են դրսեւորվում՝ ինֆարկտի եւ ինսուլտի վտանգը, օրինակ, անմիջապես մեծանում է: Այլ հիվանդությունները հայտնվում են միայն ժամանակի ընթացքում:

Պասիվ ծխելը եւ քաղցկեղը

Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալությունը հայտնում է, որ պասիվ ծխելը առաջացնում է քաղցկեղ, առավել հաճախ՝ թոքերի քաղցկեղ: Այսպես, հաշվարկվել է, որ ԱՄՆ-ում պասիվ ծխելը տարեկան թոքերի քաղցկեղից ավելի քան 7000 մահվան պատճառ է դառնում այն մարդկանց շրջանում, ովքեր իրենք չեն ծխում, բայց ծուխ են շնչում:

Այլ քաղցկեղների՝ կրծքագեղձի քաղցկեղ, միզապարկի քաղցկեղ եւ այլն, զարգացումը նույնպես կապում են պասիվ ծխելու հետ:

Պասիվ ծխելը եւ սրտանոթային հիվանդությունները

Պասիվ ծխելը, ինչպես ակտիվ ծխելը, նպաստում է սրտային հիվանդությունների զարգացմանը: Ծխախոտի ծխի ազդեցությունը կապված է աթերոսկլերոզի զարգացման ռիսկի մեծացման հետ, ինչը հանգեցնում է ինֆարկտների, ինսուլտների եւ այլ վտանգավոր հիվանդությունների: Ինսուլտի զարգացման ռիսկը հաստատապես մեծանում է նույնիսկ ծխախոտի ծխի հազվադեպ ազդեցության դեպքում:

Պասիվ ծխելը եւ շնչառական համակարգի հիվանդությունները

Պասիվ ծխելը մեծացնում է բրոնխային ասթմայի, թոքային քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության, սինուսիտի զարգացման հավանականությունը, այդ թվում` երեխաների մոտ:

Պասիվ ծխելը եւ երեխաների առողջությունը

Մոր ծխելը լուրջ ռիսկի է ենթարկում փոքր երեխաներին, հատկապես նորածիններին: Հղիության ընթացքում ծխելը պակաս վտանգավոր չէ՝ այն կապում են ծնվելիս երեխայի ցածր քաշի հետ: Ավելին, պասիվ ծխելը համարվում է նորածնների հանկարծակի մահվան պատճառներից մեկը:

Պասիվ ծխելու ազդեցությամբ երեխաների մոտ զարգանում է բրոնխային ասթմա, շնչառական վարակներ եւ ականջի ինֆեկցիաներ: Բացի այդ, կապ է հայտնաբերվել ծխախոտի ծխի ազդեցության եւ արյան բարձր ճնշման, կատարակտի ու կարիեսի միջեւ:

Մասնագետները կարծում են, որ հասարակական վայրերում ծխելու սահմանափակումներն ու արգելքները կարող են օգնել պահպանել ոչ միայն եւ ոչ այնքան ծխողների, որքան շրջապատող մարդկանց առողջությունը, հատկապես նրանցից առավել խոցելիներինը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել