Hraparak.am-ը գրում է․

Փաշինյանի վարկանիշն ընկել է՝ գրանցելով նոր հակառեկորդ: Նախկին 30-31 տոկոսի փոխարեն 17,2 տոկոսի մասին են խոսում: Մի քանի կազմակերպությունների եւ քաղաքական ուժերից մեկի՝ ԲՀԿ-ի հարցումներն այդպիսի արդյունք են գրանցել, իսկ իշխանությունն էլ ո՛չ հերքում, ո՛չ ժխտում է որեւէ բան: Ըստ էության հերքելու, ժխտելու, հակադարձելու տեղ էլ չունեն: Հարցումը չի կարող կեղծ որակվել, որովհետեւ հատուկ պատվիրատու կարծես չկա մեջտեղում, իսկ մի քանի կազմակերպություններ էլ չէին կարող միասին նույն արդյունքը գրանցել, եթե այն իրականությունը չարտացոլեր:

Մյուս կողմից էլ՝ զարմանալի ոչինչ չկա, ամեն ինչ տրամաբանության եւ քաղաքագիտության շրջանակներում է, եւ այս «նորությունը» պետք է սառնասրտորեն ընդունեն վարչապետն ու իր թիմը: Նման բաներ շատերի հետ են տեղի ունենում: Թրամփը քանի՞ անգամ վարկանիշի հակառեկորդ սահմանեց, բայց հետո հավաքեց իրեն եւ այսօր ԱՄՆ նախագահական ընտրություններում կրկին ֆավորիտ է: Փաշինյանի սազանդարներին խորհուրդ կտայի ոչ թե հարձակվել հարցում անցկացրած կազմակերպությունների վրա, այլ Փաշինյանին հայտնել այս տեղեկությունն ու բացատրել, որ նրա գործերը, մեղմ ասած, լավ չեն եւ շարունակում են վատանալ:
Իսկ ի՞նչ է կատարվում այդ թվերի մյուս կողմում:

Փաշինյանի թիմը չտեսնելու է տալիս իրավիճակի փոփոխությունը: Նրանք շարունակում են քաղաքական հարցերում առաջնորդվել կռիվ-կինոյի տրամաբանությամբ՝ այստեղ մերոնք են, այնտեղ՝ «նեմեցները», մեր գեներալը, ինչքան էլ տեղներս նեղ լինի, մի «աննախադեպ» որոշում կկայացնի, ու մենք, ուռռա գոչելով, կանցնենք հաղթական գրոհի: Նման անհոգությունը ոչ միայն հարիր չէ ամբողջ երկիրն իրենով արած քաղաքական ուժին, այլեւ վտանգավոր է այն իմաստով, որ մի գեղեցիկ օր կարող է պարզվել, որ այդ ուժն իրավիճակին չի տիրապետել ընդհանրապես, չի հասկացել, թե որտեղ է հայտնվել ինքը, ինչու է հայտնվել, իսկ որ ամենավտանգավորն է՝ կարող է չհասկանալ, թե ինչու պետք է հեռանա: Եվ ահա, ամենահետաքրքիր իրադարձությունները կարող են ծավալվել հենց այդ ժամանակ: Չէի ցանկանա ծանր պատկերների միջոցով ցուցադրել հեղափոխական իշխանությունների փախուստը, բայց որ դա իսկապես փախուստ է լինելու, կասկածներ չունեմ:

Ֆեյսբուքի հայկական տիրույթում հատուկենտ զոմբի է մնացել, ֆեյքերի ֆաբրիկան մատնվել է պարապուրդի, կառավարության բերած օրինագծերը տապալվում են խորհրդարանում, վարչապետի՝ ՍԴ դատավորի թեկնածուին մերժում են իմքայլականները, իշխանությունները սկսել են զգուշավորություն ցուցաբերել «ինչ անում ենք՝ ժողովրդի պահանջով ենք անում», «մենք ժողովրդի իշխանությունն ենք», «որ ուզենանք, 5 րոպեում նախկինների հարցերը կլուծենք» եւ նմանատիպ այլ արտահայտություններ օգտագործելիս: Իսկ բոլորովին վերջերս ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի պատճառով սկսել են սարսափել նույնիսկ «աղբարկղ» բառից, որ նախապես սիրում էին օգտագործել տարբեր առիթներով:

Այս ամենը հաստատ վարչապետի վարկանիշի աճի մասին չի կարող վկայել: Իսկ եթե հաշվի առնենք նաեւ այդ նույն վարչապետի հարյուրավոր խոստումները, որ այդպես էլ մնացին հեղափոխական հարթակների վրա, պատկերը կամբողջանա, եւ այլեւս կասկած չի առաջանա հարցման արդյունքների կապակցությամբ:

Փաշինյանի թիմի դժբախտություններից մեկն էլ այն է, որ համոզված են՝ ընդդիմությունն ինչքան քննադատի Փաշինյանին, այնքան վատ՝ ընդդիմության համար եւ այնքան լավ՝ հեղափոխական թիմի համար: Ինչո՞ւ: Որովհետեւ, գրում է իշխանությանը արջի ծառայություն մատուցող կայքը, ընդդիմություն ասվածը նախկիններն են, իսկ երբ նախկիններն են քննադատում, դրանից Փաշինյանի վարկանիշը բարձրանում է: Հզոր փաստարկ է, այնպես չէ՞: Իսկ ո՞վ պետք է հասկանա, որ Փաշինյանի վարկանիշի մակարդակը միայն ընդդիմության քննադատությամբ չէ, որ իջնում ու բարձրանում է: Հարց տվեք ձեզ՝ իսկ ի՞նչ ենք արել մենք, որ մեր վարկանիշը բարձր մնա… Թվարկե՞մ, թե՞ պարզապես բավարարվենք այն իրողության հիշատակումով, որ տապալել եք ամեն ինչ՝ ստելով երկու տարի շարունակ եւ զբաղվելով ինքնագովությամբ: Նշեք մի գործ, մի ծրագիր, մի նախաձեռնություն, որ ավարտին եք հասցրել: Մի չարչարվեք, չկա նման բան: Երկու տարի առաջ մեր բակում ինձ «հոշոտում» էին, երբ ասում էի՝ Փաշինյանի աչքի վերեւն ունք կա: Այսօր էլ են «հոշոտում», երբ խնդրում եմ՝ տղերք, մի քիչ կամաց հայհոյեք Փաշինյանին, լուսամուտները բաց են, լսվում է: Սա է իրականությունը:

Իշխանության սպասարկու լրատվամիջոցը Փաշինյանին հորդորում է՝ շուտափույթ նոր ընդդիմություն ստեղծել, որպեսզի դաշտը չմնա նախկիններին: Եվ սա, պատկերացնո՞ւմ եք, անում են հրապարակային: Ես, ինչքան էլ պողոս լինեմ, պարզ չէ՞, թե ինչ եմ մտածելու Փաշինյանի իշխանության եւ նրա կցորդների մասին: Սրանք էս ի՛նչ ք...ի մեջ են, արա, որ արդեն մտածում են սեփական ընդդիմություն ունենալու մասին, էս որտե՞ղ մթնացրիր օրդ, Պողոս, քո բերած իշխանությունն այլեւս քեզ հետ հույսեր չի կապում: Պողոսն այս ծանր մտքերով վերադառնում է տուն, միացնում է հեռուստացույցն ու… Երեւանով մեկ ցույց ու միտինգ է՝ Արայիկ, հեռացիր, ո՛չ կոնվենցիային, Ամուլսարը՝ սար, Արսեն Թորոսյան՝ դահիճ, քաղաքացին՝ տուգանքի մատերիալ, բանկերը՝ «քցող», թողեք գնանք Ռուսաստան… Ու էս թեժ մոմենտին հեռուստացույցի աղջիկը քրքրվելով կարդում է. «ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր իր առանձնատանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանին, կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտության հետ կապված հարցեր»: Խեղճ Պողոս, նա գուցե այս նուրբ պահը չորսաց, բայց ես հո գիտեմ, որ մեր առաջին նախագահի պարը միշտ կամրջին է բռնում:

Իսկ բացառվո՞ւմ է, որ ՌԴ դեսպանը հռչակավոր ռուսամետ Տեր-Պետրոսյանին հորդորել է՝ օգտագործել իր ազդեցությունը Փաշինյանի վրա եւ կազմակերպել նրա անաղմուկ հեռացումը իշխանությունից՝ փրկելով հայ-ռուսական հարաբերությունները վերջնական կործանումից: Թե ինչ է պատասխանել պապին, չգիտեմ, բայց նույնիսկ այս դրվագը չի կարող խոսել Փաշինյանի վարկանիշի աննախադեպ աճի մասին: Ավելին՝ այդ հանդիպումից հետո իշխանության ղեկին Փաշինյանի ամեն օրը դառնում է տագնապալի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել