Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքում «Սպարապետի օրվան նվիրված միջոցառման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոտեցավ ադրբեջանական գերության մեջ հայտնված Նարեկ Սարդարյանի կինը:

«Ես Նարեկ Սարդարյանի կինն եմ, ուզում էի հարցնել, թե Դուք ի՞նչ տեղեկություններ ունեք, ես ոչ մի տեղեկություն չունեմ Նարեկից»:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ, ցավոք սրտի, շատ բան չի կարող ասել. «Դժբախտաբար, ոչ թե բարեկամի մոտ է ընկել, այլ հակառակորդի: Պետք է հասկանանք, թե ինչ կարող ենք անել»:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ ասաց. «Հեսա կխոսենք, ճանապարհին կխոսենք: Ես էստեղ եմ լինելու»:

Ավելի վաղ ԱԱԾ լրատվության ծառայությունը հայտնել էր, որ 2020 թ. հուլիսի 8-ին՝ ժամը 11:00-12:00-ի սահմաններում, ԱՀ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանակից ՀՀ Սյունիքի մարզի Գորայք համայնքի վարչական տարածքի արոտավայրերում սեփական անասուններն արածեցնելիս անհայտ կորել է Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանը:

Պարզվել է, որ Ն. Սարդարյանը կորած անասունները որոնելու արդյունքում մոլորվել եւ անցել է ԱՀ Նախիջեւանի տարածք, որտեղ գերեվարվել է: Ն. Սարդարյանը բնութագրվում է որպես հայրենասեր, հանգիստ եւ աշխատասեր անձնավորություն, տեղական ինքնակառավարման եւ իրավապահ մարմինների հետ երբեւիցե խնդիրներ չի ունեցել: Ն. Սարդարյանն ունի ընտանիք եւ անչափահաս երեխաներ, որոնց հոգսերը հոգում է ինքը: Այժմ միջոցներ են ձեռնարկվում նրան Հայաստան վերադարձնելու համար: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել