Հայ զինծառայող Գուրգեն Ալավերդյանի՝ Ադրբեջանում հայտնվելուց 20 օր է անցել: Այս միջադեպի առնչությամբ, Ադրբեջանը քաղաքական, իրավական, քարոզչական բնույթի տարբեր գործողություններ է իրականացրել: Դրանք սովորական պրիմիտիվ բնույթի միջոցառումներ են, որոնք, որպես կանոն, Ադրբեջանն իրականացնում է, սակայն այս պահին դրա մանրամասների վրա կանգ չեմ առնի:

Հիշեցնեմ, որ ՊՆ հաղորդմամբ օգոստոսի 22-ին մարտական հենակետը ստուգելու ընթացքում սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել էր:
Այս պահին ամենամեծ խնդիրն այն է, որ առ այս պահը թեմայով զբաղվող Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները չեն հանդիպել մեր զինծառայողին և անհրաժեշտ աջակցություն չեն ցուցաբերել:

Ու սա այն դեպքում, երբ «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևյան կոնվենցիայում հստակ սահմանվում է նման իրավիճակներում ԿԽՄԿ ներկայացուցիչների այցերի, ռազմագերիների ու նրա ընտանիքի անդամների իրավունքների հետ կապված բոլոր մանրամասները:

Ըստ այդմ՝ նրանք արդեն պետք է հանդիպած լինեին զինծառայողի հետ, նրա առողջական վիճակի և, առհասարակ, նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ մանրամասներ փոխանցեին Ալավերդյանի ընտանիքի անդամներին, իսկ որոշակի տեղեկություններ նաև հանրայնացնել:

Որքան ուշանում են մեր սպայի հետ ԿԽՄԿ հանդիպումներն ու շփումները, այնքան մեծանոմ են զինծառայողի նկատմամբ ճնշումներն ու համապատասխան կոնվենցիայով սահմանված իրավունքների իրացման հետ կապված խնդիրները:

Ադրբեջանի քարոզչական չստացված հնարքները՝ մի կողմ, սակայն, մեր զինծառայողի անվտանգության հետ կապված հարցերը որպես առաջնահերթություն ունենալով, պետք է գործադրել բոլոր հնարավոր և անհնար քայլերը օր առաջ Ալավերդյանի հետ կապի դուրս գալու և նրան միջազգային իրավական պաշտպանության տակ վերցնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել