Hraparak.am-ը գրում է.

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2020 թվականի օգոստոսին 2019-ի նույն ամսվա համեմատությամբ հսկիչ դրամարկղային մեքենաների շրջանառությունը նվազել է ընդամենը 2.5 տոկոսով, ապա նաեւ եզրահանգում արեց, որ երկրում սոցիալական ճգնաժամ եւ սոցիալական կոլապս չկան․ «2020 թվականին 2019-ի համեմատությամբ ՀԴՄ շրջանառությունը նվազել է ընդամենը 2.5 տոկոսով, այսինքն՝ խանութներում, ռեստորաններում եւ առեւտրի կետերում նվազել է 2.5 տոկոսով։ Այս ցուցանիշին նոր ենք հասել, մարտից սկսած՝ այս ցուցանիշը բարձր էր, սակայն նվազել է։ Այս թիվն ինքնին պիտի վկայի այն մասին, որ սոցիալական խնդիրներ կան, բայց սոցիալական խնդիրներ եղել են նաեւ 2019 թվականին, եւ մենք սոցիալական կոլապս եւ սոցիալական ճգնաժամ չունենք՝ միանշանակ»։
Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը չի կասկածում վարչապետի հայտարարած 2․5 տոկոսին, սակայն, ըստ նրա, ՀԴՄ շրջանառությունը դեռ չի խոսում ամբողջական թողարկման մասին․ «ՀԴՄ-ների մասով, ես կարծում եմ, վարչապետը հրապարակել է փաստացի տվյալներ, այսինքն՝ ես այդ մասով կասկածի տակ չեմ առնում այդ տվյալները, այլ հարց է, որ ՀԴՄ-ների շրջանառությունը դեռեւս ամբողջ թողարկման մասին չի խոսում, որովհետեւ կազմակերպությունները, բացի ՀԴՄ-ից, նաեւ հաշիվ-ապրանքագրեր են դուրս գրում եւ այլն։ Ինչ վերաբերում է կոլապսի գնահատականին, կդժվարանամ կոնկրետ այդ հարցին պատասխանել, քանի որ, նախ, պետք է հստակեցնենք, թե ինչ ենք հասկանում «սոցիալական կոլապս» ասելով։ Դա շատ ընդհանրական հասկացություն է, եւ տարբեր մարդիկ տարբեր ձեւ կարող են դա հասկանալ, բայց միանշանակ է, որ երկրում առկա է տնտեսական դրության վատթարացում, եւ առանց որեւէ վիճակագրական տվյալի էլ ամեն ինչ հասկանալի է»։

Ֆանյանին հարցրինք՝ հնարավո՞ր է, որ այդ տարբերությունն ընդամենը 2.5 տոկոս լինի՝ հաշվի առնելով, որ բիզնես-ոլորտն ամբողջական ծավալով դեռ չի աշխատում, տնտեսական գործունեության շատ ձեւեր դեռեւս նախկինի պես ազատ չեն։

«Օգոստոս ամսվա դրության մասին մենք դեռ չունենք պաշտոնական վիճակագրական տվյալներ, նախնական օպերատիվ տվյալները հրապարակվելու են սեպտեմբերի 25-ին, իսկ արդեն որոշակի ամփոփում անցած տվյալները՝ հոկտեմբերի 5-ին․ խոսքն օգոստոս ամսվա մասին է։ Ամեն դեպքում, մի կարեւոր հանգամանք կա, որ վարչապետի ասածը եւ ընդհանուր թողարկումը տարբեր հասկացություններ են, եւ մենք վիճակագրական ծառայության կողմից հրապարակվող տվյալները եւ վարչապետի հրապարակած տվյալները պետք է հստակ տարանջատենք միմյանցից»,- պատասխանեց Ֆանյանը։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վարչապետի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը, այն զուրկ է նաեւ տնտեսագիտական տրամաբանությունից․ «Վարչապետի հայտարարած 2.5 տոկոսը վերաբերում է այս տարվա օգոստոսի եւ նախորդ տարվա օգոստոսի համեմատությանը, բայց այդ թիվն էլ հնարավոր չէ այս պահին ստուգել։ Հաշվի առնելով, որ 2020 թվականի հուլիսը նախորդ տարվա հուլիսի նկատմամբ մոտ 11 տոկոս անկում է ունեցել, իսկ առեւտրի ոլորտը մոտ 22 տոկոս անկում է ունեցել, հետեւաբար, մենք կարող ենք կանխատեսել, որ 2020 թվականի մանրածախ առեւտուրը եւ ծառայության ոլորտը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նման կամ դրան մոտ անկում են ունեցել, հետեւաբար, վարչապետի հայտարարած 2․5 տոկոսն իրականության հետ կապ չունի։ Այս դեպքում տնտեսական տրամաբանություն չկա, եւ, ըստ էության, սա վարչապետի ներկայացրած թիվն է, որպեսզի ցույց տան, որ տնտեսությունը լավ վիճակում է, աշխատում է եւ այլն։ Բայց փաստն այն է, որ սպառման ծավալները զգալիորեն նվազել են այս տարի եւ դեռ շարունակում են նվազել բոլոր ուղղություններով, եւ կառավարության դիմաց վերջին օրերի ընթացքում բողոքի ակցիա անող առեւտրականները, որոնք աշխատում են տոնավաճառներում եւ սպառողական շուկաներում, նրանց մոտ շրջանառության ծավալները կրճատվել են 30 տոկոսից ավելի, եւ նրանց նկատմամբ հարկային-մաքսային վարչարարությունը, բնականաբար, ավելի կխորացնի նրանց ֆինանսատնտեսական վիճակը»։

Պարսյանին հարցրինք, թե արդյոք ՀԴՄ-ների շրջանառությա՞մբ է պայմանավորվում երկրում սոցիալական վիճակը, միայն ՀԴՄ շրջանառությամբ հնարավո՞ր է սոցիալական իրավիճակին օբյեկտիվ գնահատական տալ։

«Միանշանակ՝ ոչ, ՀԴՄ-ների շրջանառությամբ կամ քանակով չի որոշվում երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, քանի որ այդ ՀԴՄ-ների քանակի եւ շրջանառության վրա կարող են ազդել բազմաթիվ գործոններ։ Օրինակ՝ մի շարք երկրներ կան, որտեղ տուրիզմն է զարգացած, այդ երկրներում ՀՆԱ-ն աճում է, շրջանառությունն աճում է, բայց ազգաբնակչությունը գտնվում է ցածր սոցիալական վիճակում, քանի որ այդ շրջանառությունից օգտվում են ոչ թե տեղի բնակիչները, այլ՝ խոշոր բիզնեսները, հյուրանոցային բիզնեսը  եւ այն եկվորները, որոնք աշխատում են այդ երկրներում։ Այսինքն՝ դրանով պայմանավորված՝ չի կարելի գնահատական տալ երկրի սոցիալ-տնտեսական վիճակին»։
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել