Armlur.am-ը գրում է.

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթն արդեն պատրաստ է: Նախագծի հեղինակներն են  ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ԿԳՄՍ հարցերով հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը և ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Նկատենք, որ նախագիծը ներկայացվել էր դեռևս անցած տարի, սակայն այս ընթացքում տեղի ունեցած քննարկումների արդյունքում այն լրամշակվել է եւ կրկին ներկայացվել խորհրդարանին:

Նկատենք՝ այսպիսի նախագիծ ունենալը վաղուց էր քննարկվում, որը ենթադրում է չծառայած անձանց համար կարգավորումներ, սակայն առաջարկվող օրինագիծն ավելի խիստ է: Մասնավորապես, այն ավելի է խստացնում պատասխանատվությունը զինծառայությունից խուսափելու համար։

«Շատ դեպքերում զորակոչիկները, ստանալով տարկետում, խուսափում էին վերջին զորակոչերից, և արդեն ուժը կորցրած «Սահմանված կարգի խախտմամբ  պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումը կատարվում էր խուսափած զորակոչերի դիմաց, վճարվող գումարը չափազանց քիչ էր կազմում, արդյունքում հետևությունն այն է, որ հաշվի առնելով, որ քննարկվող արարքը տևող է, չպետք է այն գնահատել դրվագներով կամ հատվածներով, և պատճառված վնասը հարթող վճար սահմանվելու դեպքում այն պետք է միանվագ լինի»,- ասվում է նախագծում։

Այս նախագծին զուգահեռ «Լուսավոր Հայաստանն» առաջարկում է, որ պետությունը համաներում հայտարարի ու քրեական պատասխանատվությունից ազատի բոլոր նրանց, ում 27 տարին լրացել է, բայց նրանք գտնվում են արտերկրում և չեն կարող վերադառնալ, քանի որ Հայաստանում ենթարկվելու են քրեական պատասխանատվության։

Իսկ 3 պատգամավորների առաջարկած նախագծով  պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացուն 27 տարին լրանալուց հետո առաջարկվում է կա՛մ վճարել ծառայության դիմաց սահմանված գումարը, կա՛մ գնալ ծառայել ամսական բարձր աշխատավարձով և ծառայությունից հետո հետ ստանալ ծառայությունից խուսափելու համար վճարված ամբողջ գումարը։

Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել