News.am-ը գրում է.

Եվրամիության կողմից նախապատրաստվող անձանց ցուցակը, որոնց դեմ ԵՄ-ն նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Բելառուսում նախագահական ընտրությունների շուրջ ստեղծված իրավիճակի եւ դրան հաջորդած բողոքների կապակցությամբ, բաղկացած կլինի 40-50 անունից: Այս մասին հինգշաբթի Սենատում (խորհրդարանի վերին պալատ) հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Պյոտր Վավժիկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ելնելով նրանից, ինչ մենք կարող ենք այս պահին ասել` դա մի քանի տասնյակ անունից բաղկացած ցուցակ է` գուցե 50, գուցե 40, գուցե ավել»,- ասել է նա` պատասխանելով Բելառուսի դեմ ապագա պատժամիջոցների վերաբերյալ սենատորներից մեկի հարցին:

«Լեհաստանը կցանկանար, որպեսզի այդ ցանկը հնարավորինս լայն լիներ: Մենք կողմ ենք, որպեսզի ցուցակը բաց բնույթ կրի, որպեսզի այն հնարավոր լինի հեշտությամբ առավելագույնս ընդլայնել»,- Վավժիկի խոսքը մեջբերում է Լեհաստանի մամուլի գործակալությունը: Նրա կարծիքով` ցուցակում պետք է ներառվեն նաեւ ուժային կառույցների ներկայացուցիչներ:

Սեպտեմբերի 7-ին Reuters-ը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները, հայտնել էր, որ Եվրամիությունը Բելառուսի ղեկավարության ներկայացուցիչների սեւ ցուցակ է պատրաստել, որում ներառված կլինի 31 մարդ, այդ թվում` ՆԳՆ ղեկավարը: Գործակալության տվյալներով` երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի ընդգրկվի ցուցակի առաջին տարբերակում:

Եվրամիությունը Բելառուսի նկատմամբ առաջին անգամ սահմանափակող միջոցներ էր կիրառել 2004 թվականին` ի պատասխան 1999-2000 թվականներին երկու ընդդիմադիրների` լրագրողի եւ գործարարի անհետացմանը: Պատժամիջոցները կասեցվել էին 2008-ի սեպտեմբերին, այնուհետեւ կրկին ներդրվել եւ ընդլայնվել էին 2011-ին` նախագահական ընտրությունների ստանդարտների (2010-ի դեկտեմբեր) խախտումների եւ մարդու իրավունքների խախտումների պատճառով: 2016-ին ԵՄ-ն որոշում էր կայացրել դադարեցնել պատժամիջոցները մի շարք անհատների եւ չորս ընկերությունների դեմ, սակայն էմբարգո էր սահմանել զենքի եւ ոստիկանական տեխնիկայի մատակարարման վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել