News.am-ը գրում է.

Վրաստանում կորոնավիրուսի պանդեմիայի երկրորդ ալիք է սկսվում, սակայն խուճապի համար պատճառներ չկան: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, հաղորդում է «Նովոստի Գրուզիա»-ն:

Վերջին 3 օրում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային թիվ՝ 3 օր առաջ 45, նախօրեին՝ 44, իսկ այսօր՝ 57: Փետրվարի սկզբից երկրում վարակվել է 1830, ապաքինվել 1334 պացիենտ՝ վարակվածների 73 տոկոսը:

«Ինչպես եւ ենթադրվում էր, սկսվել է երկրորդ ալիքը: Մենք այն ակնկալում էինք աշնանը, եւ հենց աշնանն այդ պրոցեսը սկսվեց: Կարեւորն այն է, որ խուճապի համար պատճառներ չկան, իրավիճակն ամբողջությամբ հսկողության տակ է»,-ասել է Գախարիան:

Գախարիայի խոսքով՝ համավարակի առաջին իսկ օրերից կառավարությունը գործել է «արագ եւ ժամանակին»:

«Օրինակ, առաջին օրերին, մեր առողջապահական համակարգն անցկացրել է օրական 150 ՊՇՌ թեստ: Այսօր անցկացվում է միջինում 6-7 հազար թեստ, եւ շուտով հնարավորություն կլինի անցկացնել օրական 10 հազար թեստ»,-նշել է վարչապետը:

Հարկ է նշել, որ վարակաբաններն ասում են, որ վարակվածների թվի աճը չի նշանակում համաճարակի երկրորդ ալիք: Մասնագետները թվերի աճը կապուն են թեստավորման ընդլայնման հետ:

«Վարակվածների թվի աճ է նկատվում, սակայն երկրորդ ալիքի մասին խոսք չկա: Երկրորդ ալիքի հնարավոր հայտնվելը կապում են ռեսպիրատոր հիվանդության նոր սեզոնի հետ՝ հոկտեմբերի վերջ-նոյեմբերի սկիզբ: Կա հավանականություն, որ գրիպի եւ այլ վիրուսային հիվանդությունների ֆոնին վարակը կուժգնանա:Այդ պատճառով երկրորդ ալիքի մասին խոսակցությունները վերաբերում են հենց այդ շրջանին: Իսկ այժմ մենք ասում ենք, որ գործ ունենք վարակվածների թվի ավելացման հետ»,-իրավիճակը մեկնաբանել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզգուբայան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել