Hraparak.am-ը գրում է.

Ոստիկանությունը նոր ձեւավորվող պարեկային ծառայության համար 150 նոր ավտոմեքենա է ձեռք բերելու։ Մենք տեղեկացանք, որ մեքենաները Skoda Octavia մակնիշի են եւ գնվել են «Չեխ ավտո» ՍՊԸ-ից, որը պատկանում է Քաղավիացիայի վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանի ընտանիքին։ Տենդերին մասնակցել է երկու ընկերություն՝ «Չեխ ավտո» ՍՊԸ-ն եւ «Ֆայն Քարս օֆ Արմենիա» ընկերությունը։ Ոստիկանությունից հաստատեցին սա՝ նշելով, որ «Ֆայն քարս»-ի առաջարկած մեքենան ավելի թանկ է եղել, նաեւ չի համապատասխանել իրենց նշած տեխնիկական բնութագրին, արդյունքում հաղթել է Skoda-ն ներմուծող «Չեխ ավտո»-ն։ Արդյունքում ոստիկանությունը ձեռք է բերել 150 միավոր Skoda Octavia մակնիշի սեդան թափքով ավտոմեքենա՝ յուրաքանչյուրը 12 մլն 885 հազար դրամ արժեքով, իսկ 150 մեքենայի ընդհանուր արժեքը 1 մլրդ 932 մլն 750 հազար դրամ է կազմել։ Շարժիչը 1.4 լիտրանոց TSI է, այսինքն՝ գերմանական Volkswagen-ի արտադրության տուրբոշարժիչ է՝ 150 ձ/ու հզորությամբ։ Սրանք ավելի հզոր են, քան ՃՈ-ում ներկայումս շահագործվող Corolla-ները, որոնք տասը տարուց ավելի է՝ ոստիկանությունը ձեռք էր բերում Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող «Տոյոտա Երեւան» ընկերությունից։ Ոստիկանությունից բացի, գրեթե ամբողջ պետական ապարատն էր այս տարիներին օգտվում «Տոյոտա Երեւանի» ներկրած մեքենաներից։ Թե ինչու են որոշել այս անգամ Skoda գնել՝ հրաժարվելով Toyota-ից, որը տարիներ շարունակ իրականացվում էր թե՛ ոստիկանության, թե՛ պետական կառավարման այլ գերատեսչությունների միջոցով, դժվար է ասել։

Հնարավոր է՝ քաղաքական ենթատեքստ կա․ գործող իշխանությունները որոշել են ազատվել պետական ապարատում Toyota-ի «մենաշնորհից» եւ խփել Քոչարյանների բիզնեսին, հնարավոր է՝ զուտ ոստիկանության պահանջներն են այս դեպքում Skoda-ին ավելի համահունչ եղել։ Բացի այդ, մրցույթին այլ ընկերություններ չեն մասնակցել, մենք տեղեկացանք, որ տարբեր խնդիրներով, այդ թվում՝ պարամետրերի չհամապատասխանելու հետ կապված ինչ-ինչ հարցերով պայմանավորված՝ մյուս ավտոներկրող ընկերությունները չեն ցանկացել մասնակցել, իսկ «Ֆայն Քարս օֆ Արմենիան» էլ, որը նոր է շուկայում եւ ամերիկյան JEEP, Dodge, նաեւ իտալական Alfa Romeo եւ Fiat ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում, մասնակցել է մրցույթին զուտ մասնակցելու եւ «ուժերը փորձելու» համար՝ լավ իմանալով, որ իր առաջարկած մեքենաներն իրենց գնով եւ պարամետրերով չեն համապատասխանելու ներկայացված չափանիշներին։ Արդյունքում հաղթել է Մովսեսյանի ընտանիքին պատկանող «Չեխ ավտո» ՍՊԸ-ն, որի ներկրած Skoda մակնիշի մեքենաները թեպետ գին/որակ հարաբերակցությամբ բավականին հարմար ու օպտիմալ տարբերակ են նույն դասի իրենց մրցակիցների համեմատ, սակայն այնքան էլ տարածված չեն Հայաստանում եւ մեծ պահանջարկ չեն վայելում: Թեպետ նկատենք, որ հարեւան Վրաստանում եւս ոստիկանության որոշ ստորաբաժանումների կարիքների համար Skoda Octavia-ներ են օգտագործում։

Մենք ուսումնասիրեցինք ոստիկանության ներկայացրած հայտում առկա տեխնիկական բնութագրի տվյալներն ու համադրեցինք ոստիկանության՝ մեզ ուղարկած եւ արդեն հաղթած մեքենայի տեխբնութագրի հետ։ Պարզեցինք, որ բոլոր պարամետրերով վերոնշյալ ավտոմեքենան համապատասխանում է ոստիկանության առաջադրած պահանջներին, որոնք մեզ էին ուղարկել, բացի մեկից՝ վառելիքի բաքի տարողությունից։ Ոստիկանությունն իր ներկայացրած տեխբնութագրում գրել էր, որ ավտոմեքենան պետք է ունենա 50-80 լ տարողությամբ վառելիքի բաք, մինչդեռ վերոնշյալ Skoda Octavia-ի դեպքում վառելիքի բաքի տարողությունը 45 լիտր է։

Այս ամենից զատ, ոստիկանությունը նաեւ այլ՝ լրացուցիչ ֆունկցիաներ ու կահավորանք է պահանջել, որոնք պետք է ապահովի ներկրող ընկերությունը պարեկային ոստիկանության Skoda-ներում։ Եվ այդ լրացուցիչ պարամետրերը ոստիկանության՝ մեր հարցմանն ի պատասխան ուղարկած փաստաթղթում բացակայում էին։ Դրանք գտանք գնումների կայքում։ Մասնավորապես՝ ոստիկանությունն իր տեխբնութագրում նշել է, որ տրանսպորտային միջոցի սրահի հետնամասի 2-րդ շարքը պետք է ապահովված լինի ձերբակալվածների համար անհրաժեշտ խցիկով, որը պետք է պատրաստված լինի մետաղական կոնստրուկցիայով եւ մետաղական ցանցով: Հետեւի դռների ապակիները, ինչպես նաեւ սրահի հետնամասի 2-րդ շարքի նստարանի հետնամասից մինչեւ տանիք պետք է ապահովված լինեն մետաղական ցանցերով, մեքենայի հետեւի դռների ապակիները պետք է լինեն ՀՀ օրենսդրությամբ թույլատրելի սահմաններում մգեցված, սրահի առաջնամասում եւ բեռնախցիկում պետք է նախատեսված լինեն լրացուցիչ լարանցումներ՝ ներքին հարդարմամբ եւ առանձին մալուխատարերով, որպեսզի անհրաժեշտության դեպքում պլանշետ, արագաչափ, թերմոտպիչ, ավտոմեքենայի թվային ռադիոկայան եւ նմանատիպ այլ սարքավորումներ միացվեն։ Ավտոմեքենան պետք է համալրված լինի նաեւ հատուկ լուսաձայնային ազդանշաններով՝ փարոսիկներ, բարձրախոս եւ այլն։

Այս բոլոր լրացուցիչ ոստիկանական համալրումները «Չեխ ավտո» ՍՊԸ-ն պետք է ապահովի իր ներկրած ավտոմեքենաներում, որոնք ընդամենը քաղաքացիական մոդիֆիկացիաներով են։ Պարեկային ավտոմեքենա ստանալու համար ընկերությունը կա՛մ պետք է ինքն իր ուժերով այստեղ՝ Հայաստանում, այդ բոլոր սարքերով համալրի իր մեքենաները, կա՛մ պետք է դիմի Skoda-ի մայր գործարան եւ հատուկ ՀՀ ոստիկանության համար նման առանձնահատկություններով համալրված մեքենաներ պատվիրի։ Նշենք, որ պատվերի կատարման ժամկետը, համաձայն պայմանագրի, ընդամենը 15 օր է, այսինքն՝ ոստիկանական համալրումներով այդ 150 ավտոմեքենան պետք է մատակարարվի ընդամենը երկշաբաթյա ժամկետում։

Արտյոմ Մովսեսյանը մեզ հետ զրույցում չցանկացավ այս մրցույթի մասին շատ բան ասել, միայն նշեց, որ ոստիկանության հետ պայմանագիր դեռ չեն կնքել, ուստի չի ուզում դրա մասին խոսել։ «Դեռեւս չենք կնքել, ժամկետ կա դրա համար նախատեսված, հիմա չեմ ուզում խոսել դրա մասին»,- ասաց նա։ Հարցին, թե հնարավո՞ր է չկնքեն պայմանագիր, Մովսեսյանը կրկնեց, որ չի ուզում դրա մասին խոսել՝ մեզ «մեղադրելով» նրանում, որ մենք մեր «լրագրողական հմտություններն ենք փորձում օգտագործել», ինչը լրագրողի դեպքում միանգամայն նորմալ երեւույթ է։ Օգտագործելով «մեր լրագրողական հմտությունները» եւ վերլուծելով թե՛ ոստիկանության ներկայացրած տեխբնութագիրը, թե՛ Արտյոմ Մովսեսյանի անվստահությունը պայմանագրի կնքման հետ կապված՝ կարող ենք ենթադրել, որ «Չեխ ավտո» ՍՊԸ-ն մտել է մի բեռի տակ, որը վստահ չէ՝ կկարողանա՞, արդյոք, մինչեւ վերջ տանել։ Ուստի, շատ հնարավոր է՝ պայմանագիրն այդպես էլ չկնքեն եւ մեքենաները չմատակարարեն՝ հասկանալով, որ գուցե չկարողանան վերոնշյալ պարամետրերով ավտոմեքենաներով ապահովել նոր ձեւավորվող պարեկային ոստիկանությանը։

ՀԳ․ Ի դեպ, իշխանությունը ոստիկանությունն ուժեղացնելու, զինելու, նոր մեքենաներով ապահովելու մի գործընթաց է սկսել, որը բոլորովին չի համատեղվում 2018-ի մտադրությունների հետ։ Մենք հիշում ենք, որ ժամանակին ոստիկաններին անգամ սահմանին հերթապահելու էին ուղարկում, հիմա ոստիկանական երկրին բնորոշ պահվածքով՝ ներքին զորքերն են հզորացնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել