Hraparak.am-ը գրում է.

Կորոնավիրուսի պանդեմիայի ողջ ընթացքում Հայաստանի առաջնության և գավաթի հանդիպումներն անցկացվել են առանց հանդիսականների, ինչպես մյուս պրոֆեսիոնալ ազգային առաջնություններում ու առհասարակ մի շարք այլ միջազգային մարզական միջոցառումներում։

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը սակայն չի բացառել, որ շուտով ներքին առաջնության խաղերում որոշակի քանակով երկրպագուներ, ամեն դեպքում, կարող են այցելել մարզադաշտեր։

«Մենք դիմել ենք Պարետատուն։ Կարծում եմ՝ շուտով թույլտվություն կստանանք, որպեսզի ներքին առաջնության խաղերում որոշակի քանակով հանդիսատեսներ լինեն։

Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք, որպեսզի երկրպագուները վերադառնան մարզադաշտ։ Հույս ունեմ, որ շատ շուտով այդ հարցը կկարգավորվի։ Կարծում եմ՝ մեկ-երկու տուր հետո»,-ասել է Մելիքբեկյանը։

Եվ իրոք, հաշվի առնելով այն հանգամանքը, որ անգամ կորոնավիրուսոի բացակայությամբ Հայաստանի առաջնության խաղերին շատ քիչ հանդիսականներ էին հաճախում մարզադաշտեր, ստադիոնների նստատեղերի մոտ 80-ից 90 տոկոսը հանդիպումների ողջ ընթացքում այդպես էլ ազատ էր մնում, հավանականություն կա, որ Պարետատունը կթույլատրի երկրպագուներին կրկին մարզադաշտ այցելել՝ հաշվի առնելով հայաստանյան մարզադաշտերում սոցիալական հեռավորություն պահպանելու հնարավորությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել