Կառլ Փաերսոն Շմիդտը ծնվել է 1890 թ. գերմանացի պրոֆեսորի ընտանիքում, ամերիկյան Իլինոյս նահանգում։ 23 տարեկանում նա ընդունվել է հեղինակավոր Կոռնելի համալսարան, որտեղ ուսումնասիրել է կենսաբանություն և երկրաբանություն։ Կառին մի քանի տարի և չորսամսյա ստաժ է հարկավոր եղել Լուիզիանայի նավթային գործարանում՝ հասկանալու համար, որ կենսաբանությունում նրան ամենից հետաքրքրում է հերպետոլոգիան՝ երկկենցաղների ու սողուններին վերաբերյալ գիտությունը։

Երիտասարդ գիտնականի կարիերան կտրուկ ու փայլուն աճ էր գրանցում. նա աշխատանքի է անցել Բնական գիտությունների ամերիկյան թանգարանում, ինչպես նաև զբաղեցրել է Copeia գիտական ամսագրի խմբագրի պաշտոնը։ 1942-1946 թթ. գլխավորել է իխտոլոգների և հերպետոլոգների ամերիկյան համայնքը։

Իր կարիերայի ընթացքում Շմիդտն անուններ է տվել ավելի քան 200 տեսակ օձի և գլխավոր մասնագետի կոչում ստացել։ Սակայն լայն հանրույթին Շմիդտը հայտնի է ոչ թե շնորհիվ իր գիտական բացահայտումների, այլ ողբերգական ու միաժամանակ հերոսական մահվան։

1957 թ. սեպտեմբերի 25-ին Շմիդտը սկսեց մի օձի անհատականացման աշխատանքները, որը նրան ուղարկել էր Լինկոլն փարքի տնօրենը։ Գիտնականն առանց դժվարության հասկացավ, որ 1,5 մ երկարություն ունեցող կանաչ օձը աֆրիկյան բումսլանգ է։ Իսկ այն, որ այդ օձի թույնը մարդու համար մահացու վտանգավոր է, Շմիդտը հաստատապես չգիտեր։

Ընդհանրապես բումսլանգերը կոնֆլիկտային սողուններ չեն և անում են ամեն ինչ՝ մարդու վրա չհարձակվելու համար։ Խայթում են միայն այն դեպքում, երբ մարդն առաջինն է հարձակվում, օրինակ՝ վերցնում է ձեռքերում և ուշադիր նայում իրեն։

«Ես վերցրի օձին ձեռքս առանց որևէ պաշտպանիչ միջոցառման իրականացման, իսկ այն անմիջապես խայթեց ձախ ձեռքիս բթի փափուկ հյուսվածքը։ Օձը բերանը լայն բացեց և խայթեց հետևի ատամներով, սակայն միայն մի ատամը խրվեց մաշկիս մեջ՝ ամբողջ երեք մմ խորությամբ»։ Սա բժիշկ Շմիդտի առաջին գրառումն է այս կապակցությամբ իր օրագրում։ Հետագա 24 ժամում նա պարբերաբար գրանցումներ է կատարել ինքնազգացողության մասին։

Ըստ վարկածներից մեկի՝ գիտնականն իմացել է, որ օձի թույնը մահացու է, սակայն գիտակցաբար գնացել է այդ քայլին՝ ֆիքսելու համար առաջացող իրական ախտանշանները։ Իսկ ըստ այլ վարկածի՝ նա այդ մասին տեղյակ չի եղել և նման պլաններ չի ունեցել։

Հետագա գրառումներից պարզ է դարձել, որ սկզբում Շմիդտի մոտ առաջացել է սրտխառնոց, սակայն ոչ փսխում։ Ապա բարձրացել է մարմնի ջերմաստիճանը՝ 38,7 աստիճան, սկսել են արյունահոսել լնդերը։ Մեզի մեջ փոքր քանակությամբ արյուն է հայտնաբերել։ Հաջորդ առավոտյան մարմնի ջերմաստիճանն իջել է, վերացել է մեզի արյունը, սակայն լնդերն ու քիթը շարունակել են մի թեթև արնահոսել։

Ճաշի ժամանակ Շմիդտի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և նա կանչել է կնոջը։ Բժիշկների ժամանման պահին նա արդեն ոչինչ չի հասկացել և խեղդվել է, աչքերից արյուն է հոսել։ Արդեն հիվանդանոցում բժիշկները գրանցել են գիտնականի մահը։

Պարզվել է, որ Շմիդտը մահացել է ներքին խիստ արյունահոսությունից։ Փաստացիորեն նրա բոլոր օրգանները՝ սրտից ու երիկամներից սկսած մինչև ուղեղ, արնահոսել են։

Ողբերգական մահից հետո հերպետոլոգներն ու բժիշկները երկար ժամանակ վիճում էին այն թեմայով, թե արդյոք հնարավո՞ր էր փրկել Շմիդտի կյանքը։ Չէ՞ որ 1950-ական թվականներին հատուկ հակաթույն բումսլանգների թույնի դեմ չկար և անհայտ էր՝ կազդե՞ն արդյոք մյուս հակաթույները։

Կառլ Փաթերսոն Շմիդտը պատմության մեջ է անցել որպես իր գործին ամբողջապես նվիրված ու դրա համար սեփական անձը զոհած անձ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել