168.am-ը գրում է.

Երևանի քաղաքապետարանի՝ հուլիսին հայտարարած 100 փոքր չափի ավտոբուսների մրցույթում հաղթել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի մոթորս» ՍՊԸ-ն: Հայտ ներկայացրել էր երկու ընկերություն, մյուսը՝ «Ռեգնում» ՍՊԸ-ն էր: Գնահատող հանձնաժողովը նախորդ նիստում կասեցրել էր ավտոբուսների գնման ընթացակարգը՝ գների նվազեցման միաժամանակյա բանակցություններ վարելու համար: Ի սկզբանե երկու ընկերություններն էլ Քաղաքապետարանի նախահաշվային գնից՝  1 մլրդ 950 մլն դրամից, ցածր գին էին առաջարկել: «Մուլտի մոթորս» ՍՊԸ-ն սկզբում առաջարկել էր 1 մլրդ 935 մլն դրամ, բանակցությունների արդյունքում գինը նվազեցվել է ևս 110 մլն-ով՝ դառնալով 1 մլրդ 825 մլն դրամ:

Այսպիսով՝ մեկ ավտոբուսի համար Երևան համայնքը «Մուլտի մոթորս»-ին կվճարի 18 մլն 250 հազար դրամ: Ընկերության հետ պայամանագիր կկնքվի 10 օրից:
168.am Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից հետաքրքրվեց, թե ե՞րբ Երևանում կլինեն ավտոբուսները:

«Հստակ ժամանակացույց հիմա ես ասել չեմ կարող, բայց մինչև տարվա վերջ արդեն պետք է լինի մատակարարման առնվազն մի մասը, մի կեսը»,- ասաց Կարապետյանը:

Ճգրտող հարցին, թե ավտոբուսները առանձին խմբաքանակներո՞վ են գալու, խոսնակը դրական պատասխան տվեց:

Մրցույթում հաղթած ավտոբուսը ԳԱԶ A68R52 մակնիշի է, այսինքն՝ մրցույթում հաղթել է հենց այն ավտոբուսը, որի մասին օգոստոսի 31-ի իր ասուլիսում խոսում էր Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ պնդելով, որ դա ոչ թե ավտոբուս, այլ գազել է, ավելի գեղեցիկ ու հարմար, բայց, միևնույն է, գազել է:

Ավելին, նախորդ տարի Երևանի քաղաքապետարանը ներկայացրել էր բրիտանական WYG խորհրդատվական ընկերության կողմից կազմված տրանսպորտային նոր ցանցի նախագիծը, ըստ որի՝ մայրաքաղաքը սպասարկող ամենափոքր ավտոբուսը պետք է տեղափոխի 45-55 ուղևոր: Մրցույթում հաղթած ավտոբուսը տեղափոխում է առավելագույնը 22 մարդ՝ մոտ 2 անգամ քիչ, քան նախատեսված է նախագծով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել