Pastinfo.am-ը գրում է.

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավարությունն իսկապես ֆարս է, սակայն ոչ այն պատճառաբանությամբ, ինչ հիմա հայտարարում են տուժողների իրավահաջորդները։ Ֆարս է այն պատճառով, որ դատարանն ընդհանրապես պատրաստ չէ այս գործով իրականացնել արդարադատություն։ Այս մասին մամուլի ասուլիսին ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը։

Նրա խոսքով՝ դատարանն այս գործով մեղադրողներից մեկն է, որը պատմուճանով հայտնվել է դատավորի աթոռին և, ըստ էության, նրանք հակառակ կողմերում են, մի կողմից՝ ամբաստանյալներն ու նրանց պաշտպաններն են, մյուս կողմից՝ մեղադրողներն ու դատարանը։ Բացի այդ՝ պաշտպանը գտնում է, որ տուժողների իրավահաջորդները և նրանց ներկայացուցիչները, հնարավոր է, ուրիշ պատճառ ունեն դատավարությանը չգալու համար, բայց այդ ձևով փորձում են ավելի մեծ ճնշում գործադրել դատարանի վրա։ Ավելին, փաստաբանը վստահեցնում է, որ ճնշումներ առկա են եղել նաև մեղադրանքի կողմից, քանի որ դատարանի կողմից կայացված որոշումները, այլ կերպ, քան ճնշման տակ սովորաբար չեն կայացվում։

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքներին, փաստաբանը հայտնեց, որ ոչ միայն ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ որոշում չի կայացվել, այլև՝ պաշտպանական կողմի և տուժող կողմի ներկայացրած բողոքները։ Ալումյանը նաև արձանագրեց, որ տուժող կողմը խափանման միջոցների վերաբերյալ վճռաբեկ բողոք բերելու իրավասություն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով չունի։ Ընդ որում՝ փաստաբանը հայտնեց, որ Վճռաբեկ դատարանը նախկինում արդեն այդ հարցը լուծել է։ Անդրադառնալով ՄԻԵԴ-ում գտնվող գանգատներին՝ Ալումյանը հայտնեց, որ ՄԻԵԴ-ում այսօր կա գրանցված 10 առանձին գանգատ՝ կապված Ռոբերտ Քոչարյանի գործի ընթացքում տեղի ունեցած այս կամ այն ապօրինության հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել