Օրեր առաջ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պարտություն կրեց Հյուսիսային Մակեդոնիայի թիմից՝ 1-2 հաշվով: Հարյուրհազարավոր ֆուտբոլասերներ տխուր էին, հիասթափված: Նրանց 99 տոկոսը իրավացիորեն վստահ էր, որ եթե խաղին մասնակցեր Հենրիխ Մխիթարյանը, խաղի արդյունքը միանգամայն այլ կլիներ: Իսկ ինչո՞ւ խաղին չէր մասնակցում Հենրիխ Մխիթարյանը:

Պաշտոնական վարկածն այն է, որ նա չի գտնվում լավ մարզավիճակում: Կարելի էր հավատալ կամ փորձել հավատալ այս տարբերակին, եթե նա նշված խաղի նախորդ օրը Ռոմայի կազմում ընկերական խաղի ժամանակ չգրավեր մրցակցի դարպասը: Կարելի էր հավատալ այս տարբերակին, եթե Մակեդոնիայի կազմում շատ ավելի վատ մարզավիճակում գտնվող 37-ամյա Պանդևը չմասնակցեր խաղին: Չենք կարող ասել՝ երբևէ Հենրիխը կբարձրաձայնի՞ չմասնակցելու իրական պատճառը, թե ոչ, բայց կառավարամերձ ու ֆուտբոլին մոտ կանգնած մարդիկ այդ պատճառների մասին գիտեն ու բարձրաձայնում են:

Առաջին պատճառը Նիկոլի իշխանության գալուց հետո Հենրիկ Մխիթարյանին դիվանագիտական անձնագրից զրկելն էր: Ասում են՝ Հենրիկ Մխիթարյանին ու Հրանտ Բագրատյանին դիվանագիտական անձնագրից զրկելու ցուցումն անձամբ Նիկոլն է տվել: Երբ մատնացույց են արել նրա արժանիքները, երկրին մատուցած ծառայությունները, Նիկոլը պատասխանել է, թե իրա համար փող ա աշխատում, իսկ իրա մատուցած ծառայություններն էլ տեսել են՝ հավաքականը ոչ մի անգամ ենթախմբից դուրս չի եկել: Նաև հավելել է. «Դուք հո գլխիս Ռուբեն Հայրապետյանը չե՞ք, ինքն էլ է նույն բաները ասում»: Նույնաբովանդակ հեգնանք է եղել նաև Հրանտ Բագրատյանի դեպքում: Ասվել է նաև, որ ֆուտբոլային հանրությունը վատ կընդունի այդ փաստը, Նիկոլը նշել է, որ եթե նրանց համար կարևորը ոչ թե ֆուտբոլն է, այլ ինչ-որ մեկի դիվանագիտական անձնագիր ունենալը, ապա ոնց ուզում են, թող ընդունեն: Բնականաբար, այս խոսակցությունները հասել են Հենրիխին, բայց վերջինս իրեն բնորոշ զսպվածությամբ ասել է, որ պետության իրավունքն է. եթե որոշել են, ուրեմն այդպես է ճիշտ:

Երկրորդ դրվագը, ասում են, էլ ավելի է ազդել Հենրիխի վրա, քանի որ կապված է եղել մոր՝ Մարինա Թաշչյանի հետ, ում հետ Հենրիխը շատ է կապված՝ հաշվի առնելով նաև, որ վաղ հասակում կորցրել է հորը՝ լեգենդար ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանին։ Թաշչյանը ոչ միայն լեգենդար ֆուտբոլիստի կին է ու մայր, այլև ինքն անձամբ ունի կարևոր ներդրում ֆուտբոլում՝ տարբեր պատասխանատու պաշտոններ զբաղեցնելով ՀՖՖ-ում։ Եթե հիշում եք, Մարինա Թաշչյանը դեռ 2019 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՖՖ նախագահի պաշտոնում Արմեն Մելիքբեկյանի ընտրվելն անվանեց շոու: Այդ ընտրություններից առաջ Մարինա Թաշչյանը չէր ընտրվել ՀՖՖ գործկոմի անդամ: Ասում են, որ Արմեն Մելիքբեկյանը տիկին Թաշչյանին ամեն կերպ գործկոմում ընտրվել թույլ չտալու ցուցումը ստացել է անձամբ Նիկոլից, քանի որ Ռուբեն Հայրապետյանի ոչ մի կողմնակից Ֆեդերացիայում չպետք է լիներ՝ անկախ տվյալ անձի ով լինելուց։

Այս երկու իրադարձությունները բավարար են եղել Հենրիխին արժանապատվությունը նսեմացվելու, չգնահատված զգալու համար։ Ճիշտ է արել, թե ոչ՝ չեմ կարող ասել, բայց հարգել պետք է Հենրիխի այդ որոշումը: Այնպես որ Հայաստանի ֆուտբոլի այս վիճակի համար, հարգելի ֆուտբոլասերներ, այլ մեղավորներ մի փնտրեք: Մեղավորը ո՛չ Հենրիխն է, ո՛չ էլ հավաքականի նորանշանակ իսպանացի մարզիչ Խոակին Կապարոսը: Մեղավորը մեկն է, ու նրա անունը Նիկոլ է: Ինչպես միշտ, ինքը պիտի քանդի։ Հերթը հիմա էլ ֆուտբոլինն է, 9-1 հաշվով Իտալիային պարտվելը, Էստոնիային ու Մակեդոնիային պարտվելը ձեզ վկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել