Pastinfo.am-ը գրում է․

Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրություն հայտարարելու պահից մինչև հուլիսի 30-ը ներառյալ դիմակ չկրելու համար կազմվել է 118259 արձանագրություն։

Այս թիվը պաշտոնապես «Փաստինֆո»-ին է տրամադրել ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնը՝ գրավոր հարցմանն ի պատասխան՝ նշելով, որ դիմակ չկրելու համար արձանագրությունը կազմվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182.3-րդ հոդվածի 1.1 մասի հատկանիշներով։ Նշենք, որ նշված հոդվածով նախատեսվում է տուգանք՝ 10.000 դրամի չափով։ Ասել է թե՝ դեռեւս հուլիսի 30-ի դրությամբ ՀՀ քաղաքացիները դիմակ չկրելու համար տուգանվել են 1.182.590.000 ՀՀ դրամի չափով, որը համարժեք է շուրջ 2, 5 մլն դոլարի։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ ոստիկանություն՝ պարզելու, թե արտակարգ դրության պայմաններում դիմակ չկրելու համար քանի վարչական արձանագրություն է կազմվել, տուգանքը բռնագանձելու վերաբերյալ քանի հայցադիմում է ներկայացվել դատարան՝ ընդհանուր առմամբ որքան գումարի պահանջով և կազմված արձանագրություններից քանիսն են կարճվել։ Առանձին հարցով խնդրել էինք նշել, թե պարետի կողմից սահմանված հակահամաճարակային կանոնները տնտեսվարող սուբյեկտների կողմից չկատարելու համար քանի վարչական արձանագրություն է կազմվել և տուգանքը բռնագանձելու վերաբերյալ քանի հայցադիմում է ներկայացվել դատարան՝ որքան գումարի պահանջով։

«Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ոստիկանությունից հայտնել են, որ ՀՀ-ում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրություն հայտարարելու պահից մինչև 30. 07. 2020թ ներառյալ ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 182.3-րդ հոդվածի 1.1-րդ մասի (դիմակ չկրելու համար) հատկանիշներով նախատեսված իրավախախտում կատարելու համար կազմվել է 118.259 արձանագրություն, որոնց դեմ 03.08.2020թ դրությամբ ՀՀ ոստիկանությունում ստացվել է 1137 բողոք, որից բավարարվել է 82-ը, մերժվել՝ 491-ը։
Ինչ վերաբերում է արդեն իսկ գանձված գումարի չափի վերաբերյալ հարցին, ապա ոստիկանությունից հայտնել են, որ վարչական ակտերով տուգանքների գանձումները կատարվում են դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով, երբ լրանում է դրանց բողոքարկման ընթացակարգերը։ Սեպտեմբերի 1-ի դրությամբ արդեն ԴԱՀԿ է ուղարկվել 3126 վարչական ակտ։

Նշված ժամանակահատվածում ֆինանսատեխնիկական գործունեության առանձին տեսակների իրականացման սահմանափակումները խախտելու հատկանիշներով կազմվել է 269 արձանագրություն, որից 106-ով կայացվել են վարչական տուգանք նշանակելու մասին որոշումներ։

Արտակարգ դրության պայմաններում պարետի որոշմամբ արգելված հավաքներին մասնակցելու համար բերման է ենթարկվել 709 անձ, որոնցից 703-ի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, որոնցից միայն 94-ի վերաբերյալ նախապատրաստված նյութերն են ուղարկվել ՀՀ վարչական դատարան՝ վարչական պատասխանատվության հարցը լուծելու համար՝ 4. 700. 000 ՀՀ դրամի չափով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել