News.am-ը գրում է.

Հունաստանը կամրապնդի իր զինված ուժերը՝ նոր սպառազինական ծրագրերի, զորքերի թվի ավելացման եւ երկրի պաշտպանական արդյունաբերության զարգացման հաշվին, քանի որ հարեւան Թուրքիայի հետ լարված հակամարտությունը հանգեցրել է ՆԱՏՕ-ում երկու դաշնակիցների միջեւ բացահայտ բախման մտավախությունների, հայտնում է AP-ը:

«Թուրքիայի ղեկավարությունը գրեթե ամեն օր սպառնում է պատերազմով եւ սադրիչ հայտարարություններ է անում Հունաստանի դեմ»,- ասել է Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստելիոս Պետսասը: «Մենք պատասխանում ենք քաղաքական, դիվանագիտական եւ օպերատիվ պատրաստակամությամբ՝ վճռականորեն անելով այն ամենը, ինչ անհրաժեշտ է մեր ինքնիշխան իրավունքները պաշտպանելու համար»:

Պետսասն ասել է, որ շաբաթ օրը տնտեսության մասին իր ամենամյա ելույթի ժամանակ վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը կներկայացնի երկրի զինուժի թարմացման ծրագիրը:

«Մենք կապեր ենք պահպանում բարեկամ երկրների հետ` մեր զինված ուժերի տեխնիկան ուժեղացնելու համար»,- նշել է Պետսասը:

Հունական լրատվամիջոցները հայտնում են, որ գնումները կարող են ներառել ֆրանսիական արտադրության Rafale կործանիչներ եւ առնվազն մեկ ֆրանսիական հետախուզական նավ: Պետսասն ասել է, որ այս հինգշաբթի Միցոտակիսը կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Հունաստանը եւ Թուրքիան 1970-ականների կեսերից երեք անգամ հայտնվել են պատերազմի շեմին, այդ թվում մեկ անգամ` Էգեյան ծովում հետախուզական իրավունքների համար:

Ներկայիս հակասությունները թեժացան, երբ Թուրքիան սեյսմիկ հետազոտական Oruc Reis նավը, որին ուղեկցում էին ռազմանավեր, ուղարկեց նավթ եւ գազ որոնելու Կիպրոսի եւ հունական Կրետե կղզու միջեւ ընկած հատվածում, որը Աթենքն իր մայրցամաքային խութն է համարում:

Հունաստանն այդ տարածք ռազմանավեր ուղարկեց եւ իր զինված ուժերը ռազմական պատրաստականության բերեց։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել