Tert.amLife-ը գրում է.

Տիկ-տոկից հումորային տեսանյութերով հայտնի դարձած 21-ամյա Կարինա Նազարյանի խոսքով՝ տեսանյութեր վաղուց է նկարահանում, բայց առաջ դրանք չէր հրապարակում հանրային ռեժիմով: Ասում է՝ էջը հանրային դարձնելուց հետո, ավելացել են ոչ միայն Տիկ-տոկի, այլև Ինստագրամի հետևորդները: Հիմա Կարինան Տիկ-տոկում ունի 73 հազար, Ինստագրամում՝ 19 հազար հետևորդ:

Tert.am Life-ի հետ զրույցում Կարինան պատմել է Տիկ-տոկի հարթակը գրավելու, նպատակների, իր և երիտասարդ դերասան Լևոն Սարգսյանի հարաբերությունների մասին:

«Դպրոցական տարիներին չափազանց բարդութավորված էի, շրջապատի երեխաները ծաղրում էին ինձ, ուշադրություն չէի սիրում: Միշտ մտածել եմ, որ եթե իմ կարծիքն արտահայտեմ, ինձ կծաղրեն, չեն հասկանա: Երբ սկսեցի տեսանյութեր նկարահանել, ավելի ինքնավստահ դարձա, երևի, մեծացա: Հիմա շատ է պատահում, որ դրսում ինձ ճանաչում են, նկարվում ինձ հետ կամ ուղղակի ժպտում, ինչը չի կարող չուրախացնել»,-ասաց նա:

Կարինայի խոսքով` թե՛ Ինստագրամում, թե՛ Տիկ-տոկում իր հանրային էջերը ունեն մոտ մեկ տարվա պատմություն: «Մինչև այդ Տիկ-տոկում էջ ունեի, որը փակ էր, նկարահանում էի տեսանյութեր ինձ համար ու տեղադրում ոչ հանրային տարբերակով: Չգիտեմ ինչու, բացեցի էջս ու սկսեցի տեսանյութեր տեղադրել: Հենց սկզբից սկսեցի հումորային տեսանյութերից, նկարահանում էի հայտնի հումորային դրվագներ, երևի, մարդկանց դուր էր գալիս իմ մեկնաբանությունը: Մտածել եմ նաև լուրջ կոնտենտի մասին, բայց հասկացել եմ` ուզում եմ մարդկանց դրական էներգիա փոխանցել: Նկատել եմ, որ մարդիկ նաև անլուրջ են վերաբերվում ինձ, անգամ տեսանյութեր եմ նկարահանել այդ թեմայով, բայց եթե հումորային տեսանյութ եմ նկարահանում, չի նշանակում, որ անլուրջ եմ,-ասաց նա և հավելեց, որ երկար է մտածել, թե ինչու են Հայաստանում Տիկ-տոկ-երներին անլուրջ վերաբերվում,-Տիկ-տոկ-ում դաշտն ազատ է, գուցե երբ ինքդ ես քեզ ներկայացնում, ոչ թե կազմակերպություն, մարդիկ սկսում են անլուրջ վերաբերվել քեզ»:

Կարինայի խոսքով` գումար վաստակում է հիմնականում Ինստագրամի միջոցով: «Գովազդներ եմ անում, որոնց դիմաց ինձ գումար են վճարում: Ամենամեծ գումարը, որը վաստակել եմ Ինստագրամի միջոցով, 160 դոլար է: Նաև բարտերային տարբերակով եմ շատ գովազդներ անում: Օրինակ` այն առօրյա պահանջները, որ մարդն ունի` մատնահարդարում, վարսահարդարում, կարող է անել բարտերային տարբերակով ու գումար չծախսել դրանց վրա»,-նշեց նա:

Խոսելով բացասական մեկնաբանությունների մասին` Կարինան ասաց. «Եղել է ժամանակ, երբ ինձ համեմատել եմ այլ օգտատերերի հետ ու հասկացել` իմ էջում բացասական մեկնաբանությունները քիչ են: Այնպես չէ, որ միշտ դրականն են գրում, գրել են, օրինակ, որ տգեղ եմ: Նման մարդիկ ուղղակի ուզում են վիրավորել, եթե զգում եմ շատ են չափն անցնում, արգելափակում եմ: Փորձում եմ տարբերակել կարծիքն ու վիրավորանքը: Եթե բացասական է, բայց կարծիք, ընդունում եմ, հավանում եմ մեկնաբանությունը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել