Մարդու իրավունքների իրավունքը (Human Rights Law) ունի որոշ «ոսկե կանոններ», որոնցից շեղում ոչ մի պարագայում չի թույլատրվում։

Այդ «ոսկե կանոններից» է այն, որ անձին ազատությունից զրկելիս պարտադիր պետք է պարզաբանվի ազատությունից զրկելու պատճառը։ Պարտադիր պետք է պարզաբանվի, թե ի՞նչ հանցանքի կամ զանցանքի մեջ է նա կասկածվում։

Այս կանոնը համատարած ոտնահարվում է անգամ տեսախցիկների առջև։

Կից տեսանյութում երևում է, որ քաղաքացին ինչ-որ հարցով բողոքում է կառավարության առջև ու ինչ-որ թղթեր է դատարկում արկղից։ Հետո ոստիկանները գալիս են ու ազատությունից զրկում են քաղաքացուն (6:25-ից) «անձը պարզելու համար»։

Ի՞նչ է նշանակում «անձը պարզելու համար»։ Էդ ինչո՞ւ «անձը պարզելու համար» փողոցում գտնվող մյուս քաղաքացիներին բաժին չեք տանում։ Ո՞րն է այն հանցանքը կամ զանցանքը, որ ձեր նախնական պնդմամբ քաղաքացին կատարել է։ Ասում են՝ բաժնում կպարզաբանենք։

Սա պարզապես խայտառակ խախտում է, ու ցավոք, այն համատարած է։ Մի օր դրա վերջը պետք է տրվի։ Օրինակ, եթե մի ոստիկան դատվի քաղաքացուն ապօրինի ազատությունից զրկելու համար, երևի մյուս անգամ ապօրինություն կատարելուց առաջ մյուս ոստիկանները ավելի երկար կմտածեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել