News.am-ը գրում է.

Կառավարության դիմաց այսօր՝ սեպտեմբերի 7-ին, գործարար Արմենակ Խաչատրյանը բողոքի ակցիա էր իրականացնում՝ նշելով, թե կորցրել է ամեն ինչ, փակվել են իր բիզնեսները, հիմա էլ տունն է կորցնում: Նա դժգոհեց, որ երկու տարվա ընթացքում չի կարողացել հանդիպել վարչապետի կամ Կառավարության անդամներից որևէ մեկի հետ:

«Ես արժանի չէի՞, որ վարչապետը երկու տարվա մեջ ինձ ընդուներ»,– դժգոհեց քաղաքացին՝ ընդգծելով, որ այժմ բողոքի ակցիա է անում ոչ իր, այլ մյուսների շահերի պաշտպանության համար, քանի որ ինքն այլևս կորցնելու ոչինչ չունի:

Նա նաև Կառավարության շենքի դիմաց լցրեց իր այցեքարտերը, որ քաղաքացիները դրանցից տեղեկանան իր ներկայացրած խնդիրների մասին: Քաղաքացին նշեց, թե նման ակցիաները պարբերական բնույթ են կրելու:

«Անընդհատ ասում են՝ հները կգան, ախր դուք էլ եք հին, մենք թազին ենք սպասում: Դուք ավելի հին ու մաշված եք: Եթե հեղափոխություն է եղել, ինչի է բանկային համակարգը...»,-գործարարի խոսքը կիսատ մնաց, քանի որ նրան մոտեցան ոստիկաններ եւ բերման ենթարկեցին՝ անձը ճշտելու նպատակով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել