Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կինը հայտարարել է, որ բժիշկ Լեոնիդ Ռոշալը չպետք է որևէ առնչություն ունենա իր ամուսնու բուժման հետ:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, Յուլյա Նավալնայան այդպես է մեկնաբանել Ռոշալի՝ Նավալնիի հետ կապված իրավիճակի քննարկման համար ռուս և գերմանացի գործընկերների համատեղ խումբ ստեղծելու առաջարկը, որով ՌԴ Ազգային բժշկական պալատի նախագահը հանդես էր եկել նախօրեին:

Բժիշկը նշել էր, որ Նավալնիի վիճակի պատճառները դեռևս պարզ չեն: Նա շեշտել է, որ ռուս մասանգետները լավ են աշխատել և փրկել են հիվանդի կյանքը, սակայն Ռուսաստանում անցկացված հետզոտությունները թունավորման հետքեր չեն ցույց տվել, իսկ գերմանացիներն ինչ-որ բան են գտել:

«Դուք որևէ առնչություն չեք ունեցել, չունեք և չեք ունենա նրա բուժման հետ… Դուք ելույթ եք ունենում ոչ որպես բժիշկ, այլ որպես պետության ձայն»,-գրել է Նավալնայան իր ինստագրամյան էջում՝ վերջինիս մեղադրելով տեղեկություն կորզելու մտադրության մեջ:

Նավալնայան նշել է, որ իր ամուսնու կոմայի առաջացման պատճառը հայտնի է. դա ֆոսֆոր-օրգանական միացությամբ թունավորումն է, որի մասին, նրա պնդմամբ, ռուս բժիշկներն իմացել են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել