Hraparak.am-ը գրում է․

Ինչքան էլ որ մենք էմանսիպացված չլինենք` ինքնուրույն ու ինքնավստահ, կան կոնստանտներ մեր կյանքում, որ չեն փոխվում: Օրինակ՝ մեր կողքի տղամարդուց մենք ամուր պատի, պաշտպանվածության զգացում ենք ակնկալում: 

Պատկերացրեք՝ գիշերով տուն եք վերադառնում ձեր ամուսնու հետ, հանկարծ փողոցային շների մի ոհմակ է հարձակվում: Ի՞նչ է անում նորմալ տղամարդը. պաշտպանում է իր կնոջը,ձեզ փախչելու հնարավորություն տալիս: Իսկ եթե ո՞չ, եթե նա ձեզ հրում է առաջ, թաքնվում ձեր մեջքի հետևու՞մ: Հնարավոր է, իհարկե, ձեր ամուսնու ամենամեծ վախը հենց շներն են, և անգամ եթե նա ատում է այդ կենդանիներին դեռ մանկուց, միևնույն է, դուք, վստահ եմ, նման պահվածքից անակնկալի կգաք: Մի փոքր և կարևոր բան ձեր մեջ կմարի, այլևս առաջվանը չի լինի ձեր սերը և վստահությունը: 

Հիմա նույն իրավիճակը Երևանի քաղաքապետի դեպքում է, եթե անգամ մենք գիտեինք որ այս մարդը մահացու վախենում է հիվանդանալուց, լսել էինք դրա մասին ինչ-ինչ շրջանակներում քննարկումներից, բայց միևնույնն է, անակնկալի ենք եկել, որ այս օրհասական պահին նա մեզ հրեց առաջ` ոհմակի բերանը, պատսպարվեց մեր մեջքի հետևում, ոչնչով մեզ չօգնեց, մի բան էլ ավել` կոտրեց մեր մեջ մի անտեսանելի բան (սերը, վստահությունը): Նման տղամարդկանց արժե ի սրտե կարեկցել, անգամ հոգ տանել նրանց մասին, բայց իրենց հետ ապրել, իրենց վստահել չի ստացվի: Եթե Երևանն անկեղծ սիրելը չգրված օրենք է, ապա Երևանի ղեկավարը պիտի ուժեղ մարդ լինի` սա էլ անսասան կանոն է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել