News.am-ը գրում է․

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը նախազգուշացրել է Հունաստանին բանակցություններ սկսել Միջերկրական ծովի արեւելքում վիճելի տարածքների շուրջ՝ հակառակ դեպքում Աթենքին սպառնալով «հետեւանքներով», հաղորդում է Associated Press-ը:

«Նրանք կամ սկսում են հասկանալ քաղաքականության եւ դիվանագիտության լեզուն, կամ տեղափոխվում են ցավալի փորձերի դաշտ»,- ասել է Էրդողանը՝ Ստամբուլում հիվանդանոցի բացման ժամանակ:

«Նրանք պետք է հասկանան, որ Թուրքիան ունի քաղաքական, տնտեսական եւ ռազմական կարողություն՝ անբարոյական քարտեզներն ու ընդունված փաստաթղթերը պատռելու համար»,- ասել է Էրդողանը՝ նկատի ունենալով Հունաստանի եւ Կիպրոսի կողմից որպես տնտեսական ծովային գոտիներ նշված տարածքները:

Էրդողանը նաեւ ընդգծել է, որ Թուրքիան պատրաստ է «ցանկացած հնարավորության ու արդյունքի»:

Թուրքիայի նախագահը սպառնալիքներ է հնչեցնում ՆԱՏՕ-ի այն հայտարարության պայմաններում, որ Հունաստանում եւ Թուրքիայում ռազմական սպաները տեխնիկական քննարկումներ են սկսել` զինված բախումների կամ միջադեպերի ռիսկը նվազեցնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել