Pastinfo.am-ը գրում է.

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երեկ ՊԵԿ քննչական վարչությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է մուտք արել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ թվով արդեն չորրորդ միջնորդությունը, որն ի սկզբանե մակագրվել է դատավոր Արմինե Մելիքսեթյանին։

Դատական համակարգի մեր աղբյուրի փոխանցմամբ, երեկ երեկոյան՝ ժամը 22:00-ին, նշանակված դատական նիստին դատավոր Արմինե Մելիքսեթյանը չէր ներկայացել։ Ավելին, այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը կալանքի միջնորդությունը վերցրել է Արմինե Մելիքսեթյանից և հանձնել մեկ այլ դատավորի՝ Մանվել Շահվերդյանին։

«Սա արվել է այն պատճառով, որ Արմինե Մելիքսեթյանը հրաժարվել է բավարարել Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը՝ նշելով, որ դա հակասում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք նորմերին։ Այդ պատճառով այսօր վերցնել են միջնորդությունը Մելիքսեթյանից և հանձնել դատավոր Մանվել Շահվերդյանին, ով իր կարճ պաշտոնավարման ընթացքում մի շարք կարևոր գործերով իրեն դրսևորել է որպես երկրի քաղաքական իշխանություններին հավատարիմ կերպար»,-ասաց մեր աղբյուրը՝ հավելելով, որ Մանվել Շահվերդյանն ընդամենը չորս ամիս առաջ է իշխանությունների կողմից տեղափոխվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալի կարգավիճակ ունեցող դատավոր Դավիթ Գրիգորյանի գործը քննելու համար։

Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ նախկին երեք որոշումները մերժվել են՝ անհիմն լինելու հիմքով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել