Hraparak.am-ը գրում է.

Սնանկության դատարանի դատավոր Գեւորգ Նարինյանն առողջական խնդիրներ ունի եւ կալանավայրում գտնվում է բժիշկների մշտական հսկողության տակ։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեց նրա պաշտպան Մհեր Հակոբյաննը՝ ասելով, որ իր պաշտպանյալն արյան ճնշման եւ այլ խնդիր ունի։

Նա նաեւ նշեց, որ դեռեւս չեն ստացել վերաքննիչի որոշումը` կապված կալանավորման վերաբերյալ իրենց բողոքի հետ, որպեսզի բողոքարկեն։

Հարցին, թե նախաքննական մարմնին գրավի միջնորդություն ներկայացրե՞լ են, նշեց․ «Չէ, գրավի միջնորդություն դեռ չենք ներկայացրել, մենք սպասում էինք վերաքննիչի որոշմանը, դրա համար գրավի միջնորդությունը ձգձգվեց։ Հիմա էլ մոտենում է կալանքի ժամկետը լրանալու հատվածը, սպասենք, տեսնենք՝ կմտնե՞ն երկարացման, թե՞ չէ։ Եթե չեմ սխալվում, կալանքի ժամկետը լրանում է սեպտեմբերի 15-ին»։

Նա նաեւ նշեց, որ իրենց մասնակցությամբ որեւէ քննչական գործողություն չեն կատարվել։

Գևորգ Նարինյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը), ՔՕ 190-րդ հոդվածով (հանցավոր ճանապարհով գույքն օրինականացնելը), ՔՕ 310.1-րդ հոդվածով (ապօրինի հարստանալը), ՔՕ 314.3-րդ հոդվածով (հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը)։ 

Նույն գործի շրջանակում սնանկության դատարանի եւս մեկ դատավորի` Արա Կուբանյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել