«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արդեն չորս օր է՝ համացանցը ողողված է ալկոհոլային թունավորման դեպքի մասին հրապարակումներով: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին մեր երկրում արձանագրվել է ալկոհոլային թունավորման, կարելի է ասել, աննախադեպ քանակով՝ 38 դեպք: 14 քաղաքացի արդեն մահացել է թունավորման հետեւանքով։

Իհարկե, Արմավիր քաղաքի բնակիչ Աշոտ Լենդրուշի Հովսեփյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, նա ձերբակալված է, բայց առողջապահական խնդրի մտահոգիչ ծավալները շարունակում են անհանգստացնող մնալ։ Տեղի ունեցածն իսկապես աննախադեպ ողբերգություն է, բայց ՀՀ քաղաքացիների առողջությամբ գործի բերումով «մտահոգված» ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սարերում է, լեռնագնացությամբ է զբաղված։

Իհարկե, հասկանալի է, որ նախարարը սահմանադրական իրավունք ունի արձակուրդ մեկնելու, այն վայելելու իր ընտանիքի հետ, բայց ՀՀ քաղաքացիների առողջությամբ մտահոգվելը, հետաքրքրվելը շարունակում է մնալ նախարարի ուղղակի պարտականությունը։ Համեմատության համար հիշեցնենք, թե ինչ էին անում առողջապահության ոլորտի ներկայացուցիչները նախկինում, որոնց քննադատելու համար նախարարն առիթը բաց չի թողնում։

Օրինակ՝ 2009 թվականի հոկտեմբերին սննդային թունավորում էր գրանցվել Վանաձորում, եւ հոսպիտալացվել էին 16 հոգի, եւ ՀՀ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը ոչ միայն մանրամասն տեղեկություն էր տրամադրում թունավորվածների մասին, այլեւ անձամբ այցելում էր նրանց, փորձում հասկանալ, թե մարդիկ ինչ կարիքներ ունեն:

Նույնպիսի վերաբերմունք էր նաեւ 2011 թվականի հունիսին, երբ թունավորման դեպք էր գրանցվել արդեն Նոր Խարբերդում, եւ հոսպիտալացվել էր 12 մարդ: ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան, երջանկահիշատակ Արա Ասոյանը անձամբ այցելել էր թունավորվածներին, տեղում ծանոթացել իրավիճակին, եւ այդպես շարունակ…

Իսկ ՀՀ առողջապահության ներկայիս նախարար Արսեն Թորոսյանի համար, փաստորեն, իր արձակուրդն ավելի թանկ արժե, քան ՀՀ 14 քաղաքացիների կյանքը, որոնք մահացել են թունավորումից, եւ այսօր բուժում ստացող 24 քաղաքացիների առողջությունը: Համաձայնեք՝ ակնահայտորեն հումանիզմի դեֆիցիտ ունենք»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել