«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքներում թույլ տրված հարյուրավոր միլիոնների հասնող չարաշահումների գործը նոր ընթացք է ստանում: Խոսքը վարչապետի աշխատակազմի անմիջական հսկողության ներքո գործող ՊՈԱԿ-ի կողմից կատարված ֆինանսական չարաշահումների մասին է։

Դեռևս 2019 թ. տեղեկություններ էին հրապարակվում, որ Կոնդի առանձնատների տնտեսությունում գտնվող ՀՀ վարչապետին սպասարկող կառավարական առանձնատան մասնաշենքը հիմնանորոգելու, վերանորոգելու, կահավորելու համար պետբյուջեից հատկացվել է շուրջ 2 միլիոն դոլար: Սակայն  կառավարությունից այդպես էլ չհնչեցին կոնկրետ թվեր ծախսերի մասին՝ պատճառաբանությամբ, թե այն պարունակում է գաղտնիություն: Միակ մեկնաբանությունը ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանինն էր, որը նշել էր Կոնդի առանձնատները պետության գույքն է, և որոշումները գաղտնի ընթացակարգով են եղել, քանի որ դա բխում է օրենքից, և թվերը չեն կարող հրապարակվել:

Սակայն այսօր պարզ է դարձել, որ տեղի է ունեցել իրավախախտում, սակայն  միևնույն ժամանակ շատ սուղ է նաև Պետական Վերահսկողական ծառայության և իրավապահների կողմից այս հարցի շուրջ տրամադրված տեղեկությունը: Մասնավորապես նշվում էր, որ մշտադիտարկվել են 2019 թ. «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ում կատարված աշխատանքները, այդ թվում նաև՝ կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքները, և որ հայտնաբերված խախտումների մասին տեղեկանքը ուղարկվել է իրավապահ մարմիններին։ Սակայն այլ հստակեցումներ չեն եղել:

«Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տնօրեն է եղել «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը, բայց դա եղել է 2018-ին, երբ կառավարական առանձնատների վերանորոգման աշխատանքները չէին կատարվել: Ներկայումս տնօրենի լիազորությունները կատարում է Արուսյակ Մանավազյանը։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, նաեւ ԱԺ ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակում 112-րդ համարն էր, 2018 թվականից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր հաշվապահը»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 03.09.20թ համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել