Tert.am-ը գրում է.

Խնդիրը ոչ թե այն է, որ մեր պետական պարտքը մոտեցել է 8 մլրդ դոլարի շեմին, այլ դրա կառուցվածքն ու պարտք վերցնելու արդյունքում ծախսային այն ուղղությունները, որոնցում այդ գումարներն օգտագործվում են: Կան խնդիրներ, քանի որ մենք չունեք տնտեսական երկարաժամկետ ծրագրեր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ ՀՀ պետական պարտքը հասնում է 8 մլրդ դոլարի շեմին, և հարցին, թե ի՞նչ ռիսկեր են առկա:

«Շատ ավելի առանցքային է ոչ թե պարտքի չափը, այլ այն, թե տվյալ պարտքն ինչի վրա ենք օգտագործում ու դրանով տնտեսության համար ինչ խնդիրներ ենք լուծում: Եթե պարտք են վերցնում ենթակառուցվածքներ զարգացնելու, մեր հնարավորությունները մեծացնելու, հաջորդ տարիների տնտեսական աճի համար որոշակի նախադրյալներ ձևավորելու նպատակով, դա արդարացված է, սակայն եթե պարտքը ծախսվում է զուտ ընթացիկ ծախսեր ֆինանսավորելու, կենսաթոշակների, պետական ոլորտի աշխատակիցների աշխատավարձերի համար, դա, բնականաբար, ծանրանալու է պետական բյուջեի վրա, և ունենալու ենք այն պատկերը, որն ունենք»,-ասաց տնտեսագետը:

Վերջինս ընդգծեց, որ ամեն տարվա պետական բյուջեում նախորդ տարի վերցրած պետական պարտքի սպասարկման համար բավական մեծ գումար է նախատեսվում՝ մոտավորապես այնքան, որքան համադրելի է կրթության ոլորտում պետության ծախսած միջոցներին:

«Ցավալին այն է, որ այսօր վարվող տնտեսական քաղաքականության մեջ երկարաժամկետ ռազմավարական տեսլականներ, ծրագրեր չկան, ու անգամ պետական բյուջեով տվյալ տարվա համար նախատեսված կապիտալ ծախսերը լիարժեքորեն չեն իրականացվում, ուր մնաց՝ պարտքային միջոցներով ակնկալվող արդյունքները»,-ասաց Խաչատրյանը՝ հավելելով, թե լրջագույն խնդիր կա, և Կառավարությունը մտածելու տեղիք ունի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել