Hraparak.am-ը գրում է.

Օրերս Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ որ ՄԻՊ-ին են հասցեագրվել մի շարք դիմում-բողոքներ աշակերտներից և նրանց ծնողներից՝ 2020 թվականի սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսելու և դպրոցներում երեխաների դիմակ կրելու հայտարարված պահանջի առնչությամբ:

Դիմակ կրելու հետ կապված՝ հատկապես մտահոգություն են հայտնել տարրական դպրոցի աշակերտների ծնողները՝  նշելով, որ այդ տարիքում երեխաներն ի վիճակի չեն ժամերով դասի նստել քիթ ու բերանը ծածկած: Ծնողներից շատերի դժգոհությունն էլ զուտ ֆինանսական է: «4-5 ամիս է՝ ամուսինս էս կարանտինի պատճառով զրկվեց աշխատանքից: Հիմա ուշք ու միտքս է, թե երեխաներիս ինչպես պետք է դպրոց ճանապարհեմ: Թե՛ հագուստի, թե՛ գրենական պիտույքների խնդիր ունեն, դրանց ավելացել է դիմակ կրելու պահանջը: Ես օրական որտեղից էդքան դիմակ հասցնեմ»,-մեզ հետ զրույցում ասաց 3 դպրոցահասակ երեխաների մայր Կարինե Ասատրյանը:Կնոջը հատկապես վրդովեցրել է պատկան մարմիններից մեկի պատասխանը:

«Դիմում-խնդրանքով դիմեցի իրենց, էլ անունը չեմ ուզում տալ, խնդրեցի որոշակի աջակցություն, ինձ հեգնանքով պատասխանում է, թե դիմակները զենք եք դարձրել, դրանով չեն աղքատանում: Ասում է՝ երեխեքիդ, որ բակ ես ուղարկում, դիմակ չես գնո՞ւմ: Դե արի ու բացատրի, որ մի դիմակը խեղճ երեխեքս ամիսներով օգտագործել են, իսկ դպրոցում 3 ժամը մեկ պիտի փոխվի»,-բարկացած ասում է նա: Ծնողներից շատերն էլ ստիպված եղան խոստովանել, որ չնայած ֆինանսական մեծ բեռ է, այնուամենայնիվ պատրաստ են հոգալ ամենօրյա դիմակի հարցը, միայն թե երեխաները կարողանան նորմալ դպրոց հաճախել:

Ի դեպ, հենց երեկ «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն էլ,  պատասխանելով օգտատերերի հարցերին, նշեց, որ պետությունը ջանքեր է գործադրելու, որոշ քանակությամբ դիմակներ տրամադրելու. «Եթե օրինակ երեխայի դիմակը վնասվել կամ կորցրել է, մենք որոշակի տոկոսով դիմակներ կտրամադրենք, ինչպես նաեւ՝ ախտահանիչ միջոցներ: Այսինքն՝ այն չափով, որով դպրոցներն ունեն միջոցներ, կտրամադրեն ամբողջն այդ ուղղությամբ, իսկ եթե դրանք հետագայում  չեն բավականացնի, մենք այդ առումով աջակցություն կցուցաբերենք»,- ասաց ԿԳՄՍ նախարարը: Անդրադառնալով դպրոցների ֆինանսավորման հարցին՝ ընդգծեց,  որ այն ամիսներին, երբ երեխաները համավարակով պայմանավորված չեն հաճախել դպրոց, բյուջեում խնայողություններ են եղել, որոնք էլ պետք է տրամադրվեն հակահամաճարակային կանոնների պահպանմանը։ 

Մեզ հետ զրույցում դպրոցի տնօրեններից մեկը, ում խնդրանքով չենք հրապարակում անունը, ասաց, որ իրենց դպրոցում նախատեսված է աշակերտներին դիմակներ բաժանել ուսումնական տարվա միայն առաջին օրը, որից հետո խիստ կասկածում է, որ դպրոցն ի վիճակի է լինելու շաբաթներ շարունակ կրել այդ բեռը: «Այդ խնայողություններն այնքան արագ  են սպառվելու, որ ավելորդ է  հույս դնել: Թեպետ ժամանակը ցույց կտա, բայց մեծ հաշվով վստահ եմ, որ խնդիրը կարգավորվելու է ուսուցիչների ու  ծնողների խոհեմության եւ  համագործակցության շնորհիվ: Ծնողները,  ինչպես իրենց երեխաների հագուստներն են ամեն օր լվանում, արդուկում, պատրաստ անում, կհոգան նաև դիմակների եւ մյուս մանրուքների հարցը»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել