Hraparak.am-ը գրում է.

Հայաստանի կրթական համակարգում խառնաշփոթը շարունակվում է: Այս պահին «անտեր» են մնացել հանրապետության մի շարք ուսումնական հաստատություններ: Շատ պետական բուհեր նույնիսկ ռեկտորներ չունեն՝ ղեկավարվում են ժամանակավոր պաշտոնակատարների կողմից։
Մեկ տարուց ավելի է՝ ԵՊՀ-ն ղեկավարում է ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը, մինչդեռ «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքով՝ ուսումնական հաստատության ռեկտորի պաշտոնակատարը կարող է աշխատել առավելագույնը մեկ տարի ժամկետով։ Թվում էր, թե հոգաբարձուների նոր խորհուրդը ձեւավորվելուց հետո անմիջապես ձեռնամուխ կլիներ ռեկտորի ընտրությանը, բայց նորը եւս ցանկանում է հարցը ձգձգել։ Հոգաբարձուների խորհրդի նախորդ նիստում քննարկվել է նոր մրցույթ հայտարարելու հարցը՝ այն պատճառաբանությամբ, որ նոր խորհուրդը չի կարող ընտրել հին խորհրդի հայտարարված մրցույթով գրանցված թեկնածուներից, մինչդեռ հոգաբարձուների խորհուրդների դեպքում գործում է իրավահաջորդության սկզբունքը։ Թեմայի առնչությամբ փորձեցինք պարզաբանում ստանալ հոգաբարձուների խորհրդի նորընտիր քարտուղար Միքայել Մալխասյանից, թե քննարկումների արդյունքում կա՞ որոշում՝ նո՞ր մրցույթ է հայտարարվելու, թե՞ արդեն գրանցված թեկնածուների միջից է անցկացվելու ընտրությունը, սակայն նա ասաց, որ այդ հարցին պատասխանելն իր լիազորությունների մեջ չի մտնում։

Տնտեսագիտական համալսարանում ռեկտոր Կորյուն Աթոյանի հեռանալուց հետո ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց նույն համալսարանի դասախոս Ռուբեն Հայրապետյանը, սակայն  կարճ ժամանակ անց հեռացվեց, որի փոխարեն նշանակվեց Դիանա Գալոյանը, ով վերջերես ընտրվեց ռեկտոր։ Սակայն նրա ընտրությունը եւս հարթ չանցավ․ Բարձրագույն որակավորման կոմիտեն հայտարարություն տարածեց, թե Գալոյանի դոկտորական ատենախոսությունում գրագողության դեպք է արձանագրվել, սակայն ԿԳՄՍ-ն անվավեր է ճանաչել ԲՈԿ-ի վարույթն ու Գալոյանին վերադարձրել դոկտորի աստիճանը։ Այժմ Գալոյանը ղեկավարում է տնտեսագիտական համալսարանը, սակայն ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը դատական կարգով բողոքարկել է ընտրությունների արդյունքները։

«Քանի որ ՀՊՏՀ ռեկտորի մրցույթը կազմակերպվել է օրենքի բոլոր հնարավոր եւ անհնար խախտումների միջոցով, դատական հայց եմ ներկայացրել՝ արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով: Այսինքն, այս պահին առնվազն 2 ատյան տեղեկացված է այդ բացահայտ խախտումների մասին՝ դատարանը եւ ՀՀ կառավարությունը։ Հավատացած եմ, որ կառավարությունը չի հաստատի արդեն իսկ վերաքննիչ դատարանի մեկ այլ որոշմամբ ֆիքսված ապօրինի մրցույթի արդյունքները, եւ դատարանն այլեւս անելիք չի ունենա նոր հայցի առնչությամբ»,- մեզ հետ զրույցում ասաց Հայրապետյանը։

Հունիսի 25-ին ռեկտորի պաշտոնից հրաժարական է տվել նաեւ Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը, ում փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել միջազգային համագործակցության եւ կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Ռուբեն Աղգաշյանը։ Հաշվի առնելով ԿԳՄՍ նախարարության եւ կառավարության գործելաոճը, դժվար է ասել, թե Պոլիտեխնիկական համալսարանը երբ կունենա ընտրված ռեկտոր։ Պոլիտեխնիկի խոսնակ Ջանիկ Սեւոյանն ասաց, որ հոգաբարձուների խորհուրդն արդեն ձեւավորվել է, սակայն դեռեւս նիստ չի անցկացվել, այիսնքն՝ պոլիտեխնիկում եւս ռեկտորի ընտրության հարցն առկախված է։ 
Դեռեւս 2019 թվականի սեպտեմբերի 2-ից Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն է Դավիթ Խիթարյանը։ «Ֆիզկուլտինստիտուտի հոգաբարձուների խորհուրդը ձեւավորվել է ամիսներ առաջ, սակայն ռեկտորի ընտրության հարցը դեռեւս խորհրդի օրակարգում ներառված չէ։ Սպասում ենք նախարարությանը, թե ինչ ցուցում կտա»,- հայտնեցին ինստիտուտից։ Այս ընթացքում՝ արտակարգ դրության պայմաններում, հոգաբարձուների խորհուրդը նույնիսկ արտահերթ նիստ է անցկացրել՝ ռազմավարական ծրագրում եւ կանոնադրության մեջ փոփոխությունների օրակարգով, սակայն ռեկտորի ընտրության հարցը նույնիսկ չի էլ քննարկվում։

Այս իրավիճակը մի բացատրություն ունի՝ ռեկտորի թեկնածուներ իշխանությունը չի գտնում․ ինչպես բոլոր ոլորտներում, այստեղ էլ կադրերի դեֆիցիտ կա, եւ քանի որ ռեկտորի պաշտոնի համար հստակ ցենզեր են սահմանված, քայլարածների շարքերից ու նրանց համակիրներից հավատարիմ թեկնածուներ գտնելը բարդ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել