Ֆուտբոլիստ եղբայրները ձերբակալվել են՝ ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու եւ խուլիգանություն կատարելու կասկածանքով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Քննչական կոմիտեի մամուլի պատասխանատու Ռիմա Եգանյանը:

Նրա խոսքով, 2020թ. օգոստոսի 30-ին` ժամը 23:20-ին, ոստիկանության կապիտանը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 23:15-ի սահմաններում, ստացված հաղորդման հիման վրա՝ մեկնել են «Կասկադ», որտեղ  նկատել են երկու երիտասարդների, ովքեր քաշքշել են ոստիկանության երկու ծառայողի: Նշված երկու երիտասարդները տեւական ժամանակ  բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցրել, նրանցից մեկը քաշել եւ պոկել է ոստիկանության ծառայողներից  մեկի ուսադիրը:

ՊՊԾ ծառայողների օգնությամբ վերջիններս բերման են ենթարկվել, պարզվել է նրանց ինքնությունը. Վերջիններս եղբայրներ են՝ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ: Պարզվել է նաեւ, որ վիճաբանության ժամանակ նրանցից մեկը բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողներից մեկի դեմքին եւ պատճառել մարմնական վնասվածք:

Դեպքի առթիվ. ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով եւ 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասով, որը նախաքննության կատարման համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին եւ ընդունվել վարույթ:

Քրեական գործով ոստիկանության 4 ծառայող ճանաչվել է տուժող, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են տուժողների հագուստները, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ:

Ֆուտբոլիս եղբայրները ձերբակալվել:

Նախաքննությունը շարունակվում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել