“Պաշտպանության մասին” ՀՀ օրենքում կատարվող լրացումով ստեղծվելիք ռազմականացված նոր՝ աշխարհազորային միավորումների գաղափարը հասունացած գաղափար էր, որին քայլ առ քայլ գնում էր մեր պաշտպանական համակարգը: Այդ ուղղությամբ իրականացվել են բազմաթիվ ուսումնասիրություններ և վերլուծություններ: Ուսումնասիրվել են Իսրայելի, Իրանի, Ավստիրայի, Շվեյցարիայի, Վրաստանի, Ֆինլանդիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Գերմանիայի և այլ երկրների փորձը: Իհարկե ոչ բոլոր տեղերում է այն կոչվում “աշխարհազոր, կամ ակտիվ պահեստազոր”, սակայն զորքերի համալրման, և զանգվածային ուժերով պաշտպանական խնդիրների լուծման գաղափարը հիմնականում նույնն է:
Ընդհանրապես, յուրաքանչյուր պետության պաշտպանական համակարգի կարևոր բաղկացուցիչ է հանդիսանում նաև պահեստազորը: Զինված ուժերի պահեստազորային հնարավորությունների արդյունավետ կիրառումը, կազմակերպված պահեստազորային համակարգի ձևավորումը և այս ոլորտում թիրախավորված պետական քաղաքականության իրականացումը ռազմական անվտանգության ապահովման հրամայական է: Պահեստազորը, լինելով զինված ուժերի բաղադրիչ, պետք է ունենա համարժեք պատրաստվածություն՝ զինված ուժերի հետ ինտեգրումն ու սպառնալիքներին համարժեք արձագանքումն ապահովելու համար:
2017թ. “Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին” ՀՀ օրենքի ընդունումից հետո, 2018թ. ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել և ներդրվել է նաև ակտիվ պահեստազորի կիրառման գաղափարը: Դրա նպատակն է ԶՈՒ համալրվածության անհրաժեշտ թվաքանակի պահպանումը, ԶՈՒ կառավարման մարմինների պատրաստականության բարձրացումը, պատերազմական ժամանակի պաշտոններին կցագրված պահեստազորայինների ունակությունների կատարելագործումը, ինչպես նաև առանձնահատուկ պահանջների ու խնդիրների բավարարման համար հատուկ մասնագետներին ԶՈՒ շարքերում ներգրավվումը:
Ըստ էության, պետք է ենթադրել, որ աշխարհազորն ակտիվ պահեստազորի շարունակությունն ու ընդլայնումն է՝ նաև այն իմաստով, որ կազմավորվելու է տարածքային սկզբունքով, և նրանում կամավորությամբ ներառվելու են պահեստազորում հաշվառված ու պատերազմական ժամանակի հաստիքների չկցագրված քաղաքացիները: Սա հնարավորություն է տալու նաև տարբեր պատճառներով բանակում չծառայած քաղաքացիներին՝ ցանկության դեպքում կատարել իրենց քաղաքացիական պարտքը:
Տարբեր երկրների փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ առավել արդյունավետ աշխարհազորայինները՝ ընդհանուր առմամբ ավելի բարձր մոտիվացված կամավորներն են, չնայած նրան, որ այն պայմանավորված է լինում նաև նյութական-ֆինանսական ապահովվածությամբ: Ավելին՝ նյութական խրախուսման նվազ միջոցների դեպքում պահեստազորայինների հավաքագրումն ավելի հաճախակի է խնդիրների առաջ կանգնում: Անգամ այն դեպքերում, երբ պետությունը դրամական ու սոցիալական նպաստների պատշաճ փոխհատուցում է տրամադրում, կամավոր պահեստազորի թվաքանակը համեմատաբար փոքր է: Այնուամենայնիվ, ռազմականացված թշնամուն դիմակայելու համար պետությանը մեծաքանակ պահեստազոր է անհրաժեշտ, և նա չպետք է հույսը միայն կամավորների վրա դնի: Հատկապես, որ բոլոր տիպի խնդիրները՝ թիկունքում կամ առաջնագծում լուծելու համար, աշխարհազորայինների պատշաճ զինպատրաստություն է պահանջվում:
Ընդհանուր առմամբ, հարկ է նշել, որ պահեստազորային ստոարաբաժանումների գրավչությունը պետության համար՝ նվազ ծախսերն են կանոնավոր բանակի զորքերի համեմատ, որը բավականին թանկ է: Դա է պատճառը, որ նույնիսկ հարուստ պետություններն իրենց պահեստազորը ստեղծում են ոչ միայն նախկին զինծառայողների, այլև նախկինում չծառայած անձանց ներգրավման միջոցով: Ավելի համեստ միջոցներ ունեցող երկրների դեպքում արդյունավետ աշխարհազորի (պահեստազորի) առկայությունը հաճախ պետության պաշտպանական կարողությունները մեծացնելու միակ ճանապարհն է՝ առանց խաղաղ ժամանակ բանակի պահպանման անհիմն ծախսերի:
Բացի այդ, պետությունը խաղաղից՝ պատերազմական իրավիճակի տեղափոխման կարճ ժամանակահատվածի համար հաճախ պահանջվում են մեծ ջանքեր, կազմակերպչական ահռելի ռեսուրսներ և իհարկե ֆինանսական միջոցներ: Լիարժեք համալրված և արդյունավետ գործող աշխարհազորային (պահեստազորային) ստորաբաժանումներն այդ խնդրի վաղօրոք լուծման եղանակ կարող են համարվել:
Իհարկե այս նախաձեռնությունն իր նպատակին ծառայեցնելու համար դեռևս մեծ աշխատանք է պահանջվում և՛ իրավական կարգավորումների առումով, և՛ սոցիալական, նյութատեխնիկական, պարենային ու իրային ապահովման առումներով: Մեծ աշխատանքներ պետք է իրականացվի քարոզչական դաշտում: Հսկայածավալ աշխատանքներ են պետք կադրերի արդարացված ընտրության, ստորաբաժանումների զինվորական պատրաստության, կարգապահության, ՏԻՄ-երի և տարածքային կառավարման մարմինների գործառույթների՝ ԶՈՒ հետ համադրման, կազմավորված ստորաբաժանումերի տեղակայման, կիրառման, վարժանքներում ներգրավվման, նրանց մարտական առաջադրանքների հստակ սահմանումների ու դրանց վերահսկողության համար:
Բացի այդ, օրենքում հստակ պետք է սահմանվեն, որ իր առանձնահատկությունից ելնելով, որևէ պարագայում, աշխարհազորային ստոաբաժանումը չի կարող ներգրավված լինել ներքաղաքական գործընթացներում: Խիստ ցանկալի է, որպեսզի ապագայում այն ունենա նաև սահմանադրական կարգավիճակ: Գաղափարը բավականին ընդգրկուն է, և առավել դետալացված հնարավոր կլինի խոսել Ազգային ժողովում քննարկումների, ինչպես նաև հետագայում օրենքի կիրառումն ապահովող՝ կառավարության որոշմամբ սահմանվելիք կարգերի նախագծերի առկայության պարագայում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել