«Հրապարակ» թերևթը գրում է. «Նոր Հայաստանի իրավապահներն անզիջում պայքար են սկսել հանցագործ աշխարհի ներկայացուցիչների դեմ: Հիմնական միջոցները խուզարկություններն են, զենքի եւ արգելված նյութերի փնտրտուքի պատրվակով անմարդկային հաշվեհարդարները, որոնց մասին տեղեկատվությունը սպրդում է մամուլ: Տարբեր ՔԿՀ-ների հատուկ ստորաբաժանումների աշխատակիցներն անցած շաբաթ դիմակներով ու մահակներով մտել են կալանավորների խցեր եւ բռնություններ կիրառել անօգնական մարդկանց՝ դատապարտյալների եւ կալանավորների նկատմամբ:

Այս փաստը, որը, ի դեպ, արդարադատության նախարարությունը հաստատեց, մեծ աղմուկի առիթ դարձավ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել էին «Նուբարաշեն» ՔԿՀ, հանդիպել ծեծված երեք անձանց հետ, արձանագրել նրանց ստացած մարմնական վնասվածքները, ապա օմբուդսմենը դիմել էր դատախազություն՝ փաստերն ուսումնասիրելու պահանջով, իրավապաշտպանները դատապարտող հայտարարություններով հանդես եկան, մամուլում հրապարակումներ եղան: Ծեծվածները հիմնականում չեն բողոքում՝ հանցագործ աշխարհի եւ կալանավայրերում չգրված օրենքների արգելքները չխախտելու համար: Սակայն, մեր տեղեկություններով, այս անգամ բողոքողներ, այնուամենայնիվ, եղել են:

Մասնավորապես, բռնությունների զոհերից մեկը՝ «Նուբարաշենի» 60-րդ խցի դատապարտյալ Արման Խոստիկյանը, որն ավտոմեքենա գողանալու մեղադրանքով դատապարտվել է 12 տարվա ազատազրկման, նամակ է գրել Նիկոլ Փաշինյանին, որտեղ պատմել է, թե ինչպես են իր հետ վարվել ՔԿԾ հատուկ ջոկատի աշխատողները, որոնց նա անվանում է դահիճներ, «իրենց սադիստական ախորժակները բավարարող»: Նաեւ հիշեցրել է Նիկոլ Փաշինյանին, թե ինչպես էին Միխայիլ Սահակաշվիլու օրոք Վրաստանում նույնատիպ սադիստները քրեական ենթամշակույթի դեմ պայքարի անվան տակ խոշտանգում կալանավորներին, նրանց ենթարկելով այլասերված պատիժների, եւ թե ինչպես այդ սկանդալն անդրադարձավ Սահակաշվիլու իշխանության վարկանիշի վրա ու վերջնահաշվում, ոմանց կարծիքով, դարձավ իշխանափոխության պատճառներից մեկը:

«Հարգելի պարոն Փաշինյան, նախ ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ ես ոչ մի ենթամշակույթի չեմ պատկանում, չեմ պատկանել եւ չեմ պատրաստվում պատկանել կամ պաշտպանել ինչ-որ ենթամշակույթի շահերը: Այս ամենը գրավոր գրում եմ, որ ոչ մեկի մտքով չանցնի, որ այդ պայքարի անունի տակ Ձեզ սպեկուլյացիաների ենթարկեն ու փորձեն մոլորեցնել»,- այս կարճ նախաբանից հետո դատապարտյալ Խոստիկյանը պատմում է, որ հեռախոս պահելու համար իրեն պատժախուց են տեղափոխել, ապա նկարագրում, թե ինչպես են պատժախցում պահվելու տասներորդ օրը՝ օգոստոսի 23- ի առավոտյան ժամը 8-ին, քրեակատարողական ծառայության աշխատակիցները՝ առանց դիմակի, էլեկտրաշոկերով զինված, մտել իր պատժախուցը, ձեռնաշղթաներ անցկացրել եւ «քացու տակ» գցել իրեն, ապա պատճառաբանելով, որ հրաման են կատարում, սկսել են տանջել էլեկտրաշոկով:

Երբ դատապարտյալն ասել է, որ կդիմի Փաշինյանին, հայհոյելով ու ծիծաղելով՝ նրան պատասխանել են․ «Մենք Փաշինյանի հրամանն ենք կատարում»: Ահա թե ինչու Արման Խոստիկյանը որոշել է, որ «եթե անցյալում թաքուն էին անօրինականություններ անում, ապա հիմա բացեիբաց են անում»:

Ծեծված դատապարտյալը նաեւ հարցնում է երկրի ղեկավարին, հիշեցնելով ապօրինությունների համար պատժելու նրա խոստումները: «Բայց միթե պատժելու խոստումը միայն հասարակ ժողովրդին էր վերաբերում, իսկ ուժային կառույցները չպե՞տք է պահպանեն օրենքը… Առաջնահերթ՝ Ձեզ, հետո էլ հասարակ ժողովրդին սպեկուլյացիայի ու մոլորության ենթարկելով, թե, իբր, պայքարում են քրեական ենթամշակույթի դեմ, բայց ակամա հիվանդ կալանավորների վրա հագեցնում են իրենց սադիստական ախորժակները:

Այս անգամ լավ է, որ «Նուբարաշեն» բանտի ադմինիստրացիան եւ պետը մեծատառով մարդիկ են, որոնք րոպե առաջ ներս մտան ու փրկեցին ինձ դահիճների ձեռքից: Ես չեմ պատկերացնում, թե ինչ կլիներ ինձ հետ, եթե նրանք մի քիչ ուշանային»,- գրում է դատապարտյալ Խոստիկյանը, տուրք տալով բերդի կանոնին՝ «ոչ մի վատ բառ ադմինիստրացիայի հասցեին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել