«Այն, ինչ այօր կատարվում է Ամուլսարի հետ, ոչ միայն հանքարդյունաբերության, այլև պետական կառավարման ձախողման հարց է»: Այս մասին տնտեսական վերլուծաբանների և տնտեսական թեմաներ լուսաբանող լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Իհարկե, անընդունելի է, որ մի խումբ մարդիկ շատ բարի նպատակներով անօրինական ձևով արգելափակում են ընկերության գործունեությունը: Այստեղ պետությունն իսկապես անելիք ունի, եթե չպետք է աշխատի, ապա այդ որոշումը պետք է պետությունը կայացնի, այլ ոչ թե մարդիկ 1,5-2 տարի ինչ-որ տնակներում սար են պահում:

Պատկերացնում եք՝ նոււյնիսկ ձևակերպումը ասում են՝ «մեր սարը պահում ենք», հասկանում եմ այդ մարդկանց, նաև բնապահպանների էմոցիոնալ վիճակը, բայց սա ուղղակի արձանագրում է, որ այս երկրում պետություն գոյություն չունի, եթե այսքան ժամանակում պետությունը չի կարողացել կողմնորոշվել, թե ինչ է ուզում անել»,-մանրամասնել է Ռոբերտ Քոչարյանը:

Երկրորդ նախագահը ասաց, որ Ամուլսարի վերաբերյալ ՇՄԱԳ-ը չի ընթերցել, մանրամասներին չի տիրապետում , բայց մի բան պարզ է, եթե կա բնապահպանական անգամ փոքր ռիսկ, հանքը չպետք է գործի:

«Ինչքան ես հասկանում եմ՝ ոչ մեկ չի հայտարարում, որ չկան ռիսկեր, ոչ մի պաշտոնյա հստակ չի ասում: Ես ենթադրում եմ, որ կան ռիսկեր, եթե ռիսկեր կան, ուրեմը չպետք է աշխատացնել, բայց որոշումը պետք է կայացնի պետությունը, վերջը դուք կաք, թե չկաք, վերջը պարգևավճարը որոշում կայացնելու համար եք ստանում, աշխատավարձը ստանում եք որոշում կայացնելու համար:

Ղեկավարի գործը որոշում կայացնելն է, կայացրեք որոշում. Չի լինելու որոշում, որը բոլորին բավարարի»,-ասաց նա:

Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ գրեթե նմանատիպ իրավիճակ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ եղել է Սոթքի հանքի հետ կապված, արդյոք նույն լուծումը կարող է այս պարագայում կիրառվել, Ռոբերտ Քոչարյանն ասաց.

«Ռուսական ընկերությունը՝ «ԳեոՊրոՄայնինգ»-ը շատ էր ուզում հարստացուցիչ ֆաբրիկան կառուցել հանքի մոտ. յուրաքանչյուր ներդրող, գործարար այդ ցանկությունը ունենալու է և պատկերացրեք մի վիճակ՝ հանքաքարը Սոթքից տեղափոխվում է Արարատ, եթե չեմ սխալվում 241 կմ հեռու՝ այնտեղ վերամշակելու համար, ինչը ոսկու ինքնարժեքի 55 տոկոսն էր կազմում:

Այն ժամանակ ոսկու գինը կրկնակի ավելի էժան էր, քան հիմա, նույնիսկ չենք էլ բանակցել, ասել ենք՝ ստոպ, հնարավոր չէ Սևանի ջրային ավազնում նման կարգի գործարան դնել»,-ասաց նա:

Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ քննարկումների արդյունքում Սոթքի պարագայում, որոշակի արտոնություններ ստանալն էր ՝ ին-որ ծավալի պարգայում արտոնյալ սակագնով երկաթուղով տեղափոխելու համար:

«Ամուլսարի դեպքում ՝ընդհանրապես բաց հանքի շահագործումը Ջերմուկից, ենթադրվում է պայթուններ 2-3 օրը մեկ. Իհարկե, անթույլատրելի է: Հարստացուցիչ ֆաբրիկայի առկայությունն այդ տարածքում ևս վտանգավոր է. ոչ մեկ չգիտի, թե ստորգետնյա ջրերը իրենց ինչպես են պահելու, ի վերջո ամեն փոքր երկրաշարժը բան է փոխում:

Ստորգետնյա ջրերի լուրջ ուսումնասիրության քարտեզ մենք չունենք, իհարկե վտանագավոր է, բայց կարելի է ինչ-որ առաջարկ տալ, ոչ թե երկու տարի թաքնվել»,-ասաց նա:

Ռոբերտ Քոչարյանի խոսքով ՝ պաշտոնյանների ելույթները այս հարցի շուրջ անհասկանալի են՝ համ նալին են խփում, համ՝ մեխին:

«Չեմ խորացել, բայց իմ տպավորությամբ կարելի է առաջարկել հանքի փակ շահագործում և առաջարկել հարստացուցիչ ֆաբրիկան հեռացնել: Համոզված եմ՝ այս ոսկու գների պարագայում իրենք կհամաձայնեն, իրենք չհամաձայնեն մեկ ուրիշը կհամաձայնի»,- մանրամասնեց Ռոբերտ Քոչարայանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել