Hraparak.am-ը գրում է․

«Նոր» Հայաստանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք ոչ միայն նման են «Սերժի վախտվա» հայաստանյան իրողություններին, այլեւ բացասական առումով գերազանցում են դրանց: Բայց այն ժամանակ ԱԺ-ում կար ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով այնպես էր աղմկում ու վեր հանում այդ խնդիրները, որ քարը քարի վրա չէր թողնում: Ու ճիշտ էր անում: Բայց այսօր «Սերժի վախտվան» փոխարինելու է եկել Նիկոլի թիվը, իսկ երբեմնի կոկորդ պատռող ընդդիմադիր Նիկոլն արդեն երկրի վարչապետ է, ով նման խնդիրներն այլեւս չի տեսնում… 
 Արդեն մի քանի օր է, ինչ ԿԲ-ի դիմաց ընթանում են բողոքի ակցիաներ, որոնց մասնակիցները բանկերից մեկ տարվա վարկային արձակուրդ են պահանջում: Գուցե պահանջը մի քիչ մաքսիմալիստական է փոքր տնտեսություն ունեցող Հայաստանի համար, քանի որ դրանով կտուժի երկրի պետական բյուջեն, սակայն տրամաբանական կլիներ, որ համաշխարհային պանդեմիայի եւ արտակարգ դրության պայմաններում հայաստանյան բանկերը վարկառուների հանդեպ որոշակի զիջումների գնային, թեկուզ մի քիչ էլ ֆինանսական եկամուտների նվազեցման հաշվին: Բայց մեր բանկերը, որոնց համար քաղաքացին թալանի ու «տուգանքի մատերիալ» է, այս առիթն էլ բաց չեն թողնում՝ գերշահույթ ստանալու: Այսպես. բանկերի մեծ մասը վարկառուներին 3-ամսյա վարկային արձակուրդ տվեց:

Դա ողջունելի է, բայց այնպես չէ, որ մայիսից հետո մարդկանց սոցիալական վիճակը բարելավվեց. տնտեսությունը հիմնականում չի աշխատում, սպասարկման եւ այլ ոլորտների աշխատողները եկամուտ չեն ստանում: Մարդիկ չեն կարողացել ժամանակին մուծել նաեւ հունիս եւ հուլիս ամիսների վարկերը: Ոմանք, որպեսզի պարտքեր չկուտակվեն, այստեղից-այնտեղից պարտք են վերցրել, որ վճարեն, սակայն պարզվել է, որ այդ ամիսների համար զգալի տույժ-տուգանքներ են եկել: Փաստորեն, բանկերը, անկախ ամեն ինչից, անկախ համաշխարհային պանդեմիայից ու հայաստանյան արտակարգ դրության պայմաններից, իրենց գումարների տերն են մնում եւ անգամ լրացուցիչ գումարներ են գանձում քաղաքացիներից` որպես տույժ-տուգանք: Մինչդեռ կարող էին բավարարվել մայր գումարի եւ տոկոսների, թեկուզ ուշացումով, վճարումներով: Քաղաքացին այս ծանր տնտեսական իրավիճակում մնացել է բանկերի գիշատիչ ախորժակի դեմ մենմենակ, իսկ պետական այրերին դա չի մտահոգում: Ընդդիմադիր Նիկոլն այեւս չկա, որ ԱԺ-ում հիշի տատիկների «նիսյա»-ների, աղքատության մեջ սովից մեռնող մարդկանց մասին: Նա արդեն վարչապետ է…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել