Hraparak.am-ը գրում է․

Հարցազրույց «Իմ քայլի» պատգամավոր Վահե Ղալումյանի հետ

- Երեկ «Իմ քայլը» խմբակցության՝ մարզերից ընտրված պատգամավորներին հավաքել են եւ հանձնարարել վերսկսել ակտիվ շփումները մարզերի բնակչության հետ, հատկապես որ առաջիկայում ՏԻՄ ընտրություններ են լինելու։ 

- Ես չեմ էլ հրաժարվել այդ գործողությունից, միշտ էլ հանդիպել եմ։

- Բայց կորոնավիրուս էր։

- Հանդիպման ընթացքում ընդհանուր թեմա է քննարկվել՝ ՏԻՄ ընտրությունների, մեր անելիքների հետ կապված։ Չենք կենտրոնացել այն հարցի վրա, որ պետք է բոլորս ակտիվ հանդիպենք։

- Բայց ոչ բոլոր մարզերում են ՏԻՄ ընտրություններ լինելու, իսկ մենք գիտենք, որ բոլորին են հրավիրել։ Բացի այդ՝ ի՞նչ պետք է անեն պատգամավորները ՏԻՄ ընտրությունների ժամանակ։

- Նախ՝ բոլոր մարզային պատգամավորները չեն եղել, չգիտեմ՝ կանչված եղել են, թե ոչ։ Երկրորդ․ Դուք չգիտե՞ք, թե ինչ են անում ընտրություններին քաղաքական գործիչները․․․ Ակտիվորեն մասնակցում են, մանավանդ որ ահագին փոփոխություններ են եղել, խոշորացումների հետ կապված հարցեր են առաջացել, առաջին անգամ պետք է համամասնական ընտրակարգով լինի ընտրությունը։

- Այսինքն, հանդիպելու եք՝ իրազեկեք մարդկանց։

- Ի՞նչ ենք իրազեկելու։

- Ընտրությունների մասին, փոփոխությունների, ձեր թեկնածուի մասին։

- Այդ փոփոխություններն իրազեկված են։ Ես կրկնում եմ՝ հրատապ հարց չի քննարկվել, ընդհանուր քննարկում է եղել եւ մեր անելիքների մասին, նոր ընտրակարգի։

- Ընդդիմադիր դաշտը բավականին ակտիվացել է՝ հանդիպումներ են ունենում իրենց աջակիցների հետ, մարզային այցելություններ են կազմակերպում, գեներացվում է հանրային դժգոհությունը։ Հնարավո՞ր է, որ կոնտրքայլ անեք եւ մարդկանց հետ հանդիպումներում խոստումներ տաք, որ ամեն ինչ լավ է լինելու։

- Նորից նշեմ, որ մենք ակտիվացնելու խնդիր չենք դրել, ավելին՝ ես ընդդիմադիր դաշտում ոչ մի ակտիվություն չեմ նկատում, հակառակը՝ ընդդիմադիր դաշտի որոշ քաղաքական ուժերից հիմա կտորներ են պոկվում։

- Ո՞ր ուժերի մասին է խոսքը։

- «Բարգավաճ Հայաստանի», «Լուսավոր Հայաստանի»։

- Եթե ԲՀԿ-ի մասին ասում են, որ իշխանության մատն է խառը, ապա ԼՀԿ-ից «պոկված» Մանե Թանդիլյանն առողջական խնդիրների պատճառով մանդատը դրեց։ Դուք ավելի՞ն գիտեք։

- Չէ, չգիտեմ։

- Բա ի՞նչ «կտորներ պոկվելու» մասին եք ասում։

- Դե, Բաբաջանյան Արմանն էլ էր՝ «Լուսավորից»։

- Նա մեկ տարի առաջ է պոկվել։

- Ընդդիմադիր դաշտում ես ակտիվություն չեմ նկատում, Դուք ո՞ւմ ի նկատի ունեք։

- ՀՀԿ, «Սասնա ծռեր», Քոչարյան, Վանեցյան։

- Ինչի Վանեցյանը քաղաքական գործի՞չ է կամ՝ ինչի՞ է ուզում քաղաքական գործունեությամբ զբաղվի, ես չեմ հասկանում, էլի․․․

- Դեմոկրատական պետությունում ով ինչով կուզի, կզբաղվի, ի՞նչ խնդիր կա։

- Դե, մարդը հետհեղափոխական Հայաստանում առանցքային դերակատարումներից մեկն ա ունեցել, եթե ինքն աչքի չի ընկել, հիմա ինչի՞ է քաղաքականությամբ զբաղվում, որ էլի գա աչքի չընկնի՞։

- Դուք երեւի մոռացել եք, թե ձեր խմբակցությունում ոնց էին երկրպագում Վանեցյանին, որոշ պատգամավորների հեռախոսի էկրանին նրա նկարն էր դրված։

- Ես չեմ նկատել, իմ մոտ չի եղել, իմ գործընկերներից ոչ մեկին էլ նման վարքագծով չեմ նկատել։

- Չե՞ք նկատել, թե ինչպես էին փառաբանում, գովերգում Վանեցյանին։

- Չէ։ Կամ՝ էդ ի՞նչը պիտի գովերգեին, որ գաղտնալսո՞ւմ էին իրան։ Համենայնդեպս, ես Վանեցյանին քաղաքական գործիչ չեմ համարում։

- Դե, այսօրվա իշխանավորներից շատերի «պորտն» էլ քաղաքականության մեջ չէին կտրել, ավելին՝ նախկինում ոչ մի տեղ չաշխատած մարդիկ այսօր բարձր պաշտոններ են զբաղեցնում։

- Կլինեն նման դեպքեր, այդպես կոնկրետ օրինակ չեմ նկատել, չեմ հիշում այս պահին, բայց հնարավոր է։

- Վերադառնանք նորից ընդդիմադիր դաշտին․ մտահոգություններ չունե՞ք, որ ընդդիմությանը կհաջողվի գեներացնել հանրային դժգոհությունները։

- Բացարձակապես։ Ես Ձեզ ասեմ՝ ընդդիմադիր դաշտում այսօր ոչ թե ուժերն են գործունեություն ծավալում, այլ՝ անհատները, որոնք անհատական դրդապատճառներ ունեն՝ այսօր ակտիվանալու։ Օրինակ, Քոչարյանն իր ազատության խնդիրն ունի, Վանեցյանն իր խնդիրն ունի։

- Ի՞նչ խնդիր։

- Եսիմ, ուզում է նորից պաշտոնի գա, տեսնի ինչ կարա անի։

- Երեւի նկատի ունեք՝ իշխանության գա, նորմալ չէ՞, որ ընդդիմադիր գործիչն իշխանության է ձգտում։

- Ես կրկնում եմ՝ իրեն քաղաքական գործիչ չեմ համարում, ինքը նորմալ աշխատանքային գործունեություն է ունեցել, հետո եկել ձախողվել է, մեկ էլ որոշել է քաղաքականությամբ զբաղվի։ Ինքը նեղ մասնագիտական գործունեությամբ է զբաղվել եւ եթե որոշակի հաջողություններ ունեցել է, այդտեղ է ունեցել, իսկ հետո ձախողվել է։

- Երեւում է՝ Դուք ԱԱԾ-ի մեծ մասնագետ եք, իսկ ո՞ր հարցերում է Վանեցյանը ձախողվել։

- Չէ, ես մասնագետ չեմ։ Բայց հարց եմ տալիս՝ ինչո՞ւ է ինքը հայտնվել այս իշխանությունից դուրս։

- Համաձայն իր տարածած հաղորդագրության՝ չի ցանկացել ապօրինի գործողություններ իրականացնել, Նիկոլ Փաշինյանին էլ «կանգ առ»-ի կոչ է արել ու հեռացել։ Դուք ա՞յլ բան գիտեք։

- «Կանգ առ»-ի կո՞չ․․․ Ես Վանեցյանի պաշտոնավարման ընթացքում ամենաընդգծված փաստերից մեկը վարչապետի եւ իր խոսակցության հրապարակումն եմ հիշում, որը համոզված չեմ, որ գաղտնալսում է եղել, շատ հնարավոր է, որ ձայնագրություն է եղել Վանեցյանի կողմից, որը հետագայում հրապարակել է։

- Նկատի ունեք հայտնի խոսակցություննե՞րը՝ վարչապետի, Վանեցյանի, ՀՔԾ պետի։

- Այո։

- Այսինքն, Դուք մտածում եք, որ Վանեցյանն է ձայնագրել, այլ ոչ թե գաղտնալսել են։

- Ես համոզված չեմ, որ գաղտնալսել են, համոզված չեմ, ոչ էլ համոզված եմ, որ․․․ Համենայնդեպս, որ փաստն էլ որ լինի, իր մասին է բացասական խոսում։

- Վանեցյանը հիմա ԱԱԾ տնօրեն չէ, ինչո՞ւ այժմ ԱԱԾ տնօրենը չի բացահայտում այդ գաղտնալսումը՝ ով արեց, ինչի համար։

- Այդ հարցը տվեք ԱԱԾ պետին։

- Բայց վարչապետը Ձեր ընկերն է, գուցե իրեն խորհուրդ տաք՝ դիմի պատկան մարմիններին, զբաղվեն այս ուղղությամբ, որովհետեւ այդ ձայնագրությունը հեղինակազրկեց նախեւառաջ իրեն։

- Նույնիսկ մեր մտերմությունը հիմք չէ, որ մենք ուրիշ հարթակում շփվենք։ Ես պատգամավոր եմ, զբաղված եմ իմ գործունեությամբ, ինքը վարչապետ է՝ իր գործունեությամբ։

- Լավ, վերադառնանք իշխանություն-ընդդիմություն փոխհարաբերություններին։ Ասում եք՝ Վանեցյանին քաղաքական գործիչ չեք համարում, Քոչարյանն էլ իր ազատության համար է պայքարում, իսկ իշխանությունն ընդդիմադիր ո՞ր ուժից է վտանգ սպասում։

- Ոչ մեկից։ Ընդդիմությունը վտանգավոր է լինում, եթե իշխանությունը ձախողվել է կամ թերացել է ինչ-որ հարցերում։

- Փաստորեն, դուք անթերի իշխանություն եք։

- Անթերի չենք եւ չենք էլ կարող լինել։ Մենք չունենք խոշոր թերացումներ, կոպիտ սխալներ, չենք շեղվում մեր ներկայացրած ծրագրից։

- Չեք կատարում ձեր տված խոստումները, օրինակ, որ բյուջեն չեք վատնելու, որ պետք լինի՝ աշխատավարձ էլ չեք ստանա, ոտքով գործի կգնաք, ձեզ կպահեք շարքային քաղաքացիների պես։

- Բա իհարկե, մենք մարտից այս կողմ, եթե չեմ սխալվում, մեկ անգամ ենք պարգեւավճար ստացել։

- Իսկ լսե՞լ եք, որ ձեր ընդդիմախոսներն ասում են՝ ամենամսյա պարգեւավճարներն ապօրինի են, ու եթե իշխանություն փոխվեց, հետ եք վերադարձնելու։

- Դա օրինական է, սխալվում են։ Մեր ընդդիմախոսներին որ լսեք, մեզ կորոնավիրուսի մեջ էլ են մեղադրում, որը համաճարակ է։

- «Մեջ»՝ չէ, բայց կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողելու համար, այո, մեղադրում են։

- Ես համաձայն չեմ, որ մենք կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողել ենք, հակառակ կարծիքն ունեմ։

- Որ հաջողել ու հաղթանա՞կ եք տարել։

- Դա հաղթանակ չենք կարող ձեւակերպել, քանի որ ունենք հարյուրավոր մահեր, բայց եթե նայենք մեր վիճակագրությունը համաշխարհային վիճակագրության մեջ, մեր թվերը բարվոք վիճակում են։

- Օրինակ, մեր հարեւան Վրաստանի համեմատությամբ է՞լ ենք բարվոք վիճակում։

- Գիտեք ինչ, ես կուզեի, որ Վրաստանը հաղթահարած լիներ, նոր համեմատեինք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել