News.am-ը գրում է․

Լիբանանը կորոնավիրուսի համաճարակի վերահսկողությունը կորցնելու ռիսկի է ենթարկված՝ Բեյրութում օգոստոսի 4-ի պայթյունից հետո դեպքերի աճի պատճառով: Այս մասին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Հասան Դիաբը, հայտնում է Reuters-ը:

Բժիշկների խոսքերով՝ պայթյունից երկու շաբաթ անց դեպքերի թիվը կրկնապատկվել է, քանի որ վարակը տարածվել է այն հիվանդանոցներում, որտեղ տուժածները բուժում են ստացել։

«Դեպքերի թիվը զգալիորեն աճում է, եւ եթե դա շարունակվի, մենք կկորցնենք վերահսկողությունը այս համաճարակի վրա»,- ասվում է Դիաբի հայտարարության մեջ, որը հրապարակել է Պաշտպանության գերագույն խորհուրդը:

Օգոստոսի 26-ին Լիբանանում գրանցվել է COVID-19-ով վարակման 557 նոր դեպք եւ մեկ մահ: Նախօրեին գրանցվել էր մահվան ռեկորդային թիվ՝ 12 մարդ:

Լիբանանի ժամանակավոր կառավարության առողջապահության նախարար Համադ Հասանը հայտարարել է, որ անհրաժեշտ է բարձրացնել հիվանդանոցների կարողությունները՝ հիվանդության աճի դեմ պայքարելու համար:

Անցած ուրբաթ կառավարությունը մասնակի կարանտին էր մտցրել: Բայց սահմանափակումները, ներառյալ պարետային ժամը, դեռեւս թույլ են տալիս մաքրել աղբը, վերանորոգում կատարել եւ օգնություն ցուցաբերել պայթյունից տուժած տարածքներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել