Hraparak.am-ը գրում է․

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ օգոստոսի 26-ին, ժամը 20:00-ին համապետական ծնողական ժողով է հրավիրել:

«Չվախենաք խավարից եկող աղմուկից և ապատեղեկատվությունից, ամենամութ ժամը լուսաբացից առաջ է»,- գրել է Ա․ Հարությունյանը:

Նախարարն «աղմուկ» բառը վերջերս մի անգամ էլ է գործածել՝ գրեթե նույնպիսի համատեքստում։ Այս երկրորդ գործածությունը վկայում է, որ մարդը լրիվ համոզված է իր ասածի ճշմարտացիության մեջ, և հնչած ու հնչող քննադատությունները նրա համար ընդամենը «աղմուկ» են։
Բայց նախարարն այս անգամ ավելի առաջ է գնացել․ նա հանրակրթության բարեփոխումների ԿԳՄՍ-ական ծրագրի շուրջ հնչած մտահոգությունները համարում է, ոչ ավելի ոչ պակաս, «խավարից եկող»։ Եվ բոլոր այն մարդկանց (ոլորտի մասնագետներ, գիտնականներ և այլք), ովքեր հանդգնել են հակառակ կանգնել ԿԳՄՍ կոչվող կառույցին՝ վերջինիս ապազգային նկրտումներին վերջ դնելու վճռականությամբ, նախարարը անվանում է խավարամիտներ, խավարախոսներ, խավարասերներ։ «Լուսավորյալ» այս գլուխը քիչ է՝ պաշտպանում է Թամար Ալեքսանյան կոչված կիսագրագետին և Լիլիթ Մկրտչյան անվանվող կասկածելի գործունեությամբ պատմաբանին, որոնք իբր ղեկավարում են հայ դպրոցի հայեցիականությունն ապահովող առարկաների փորձագիտական խմբերը, իրեն դեռ թույլ է տալիս ընդհանրական որակում տալ համազգային ընդվզմանը՝ անվանելով «խավարից եկող»։ 

Արդ, այսքանից հետո, ողբալի՛ նախարար, որևէ կասկած չկա, թե Դուք ընդհանրապես մի տող կարդացել եք վերջին շաբաթների բազմապիսի քննադատություններից, թե Դուք մտքով, սրտով և հոգով հասու եք եղել հազարավոր մտահոգություններին, խոհեմության կոչերին, առաջարկներին, որոնք հնչել են ակադեմիական ինստիտուտներից, բուհական համակարգից, հանրային տարբեր հարթակներից, Ձեզնից հարյուրապատիկ, հազարապատիկ հայտնի և հարգված մարդկանցից։ Հակառակ պարագայում՝ ինչպե՞ս եղավ, որ Ձեր լուսավոր միտքը չտեսավ կրթական չափորոշիչներ և ծրագրեր կազմողների կիսագրագիտությունն ու ապազգայնությունը, փոխարենն ընկալեց միայն ընդդիմախոսների «խավարը»։ Եթե Ձեզ համար Հայաստանի գրողների միությունը «խավար» է, եթե Պատմության և Գրականության ինստիտուտները, համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետը «խավար» են, եթե Աշոտ Մելքոնյանը կամ Սամվել Մուրադյանն ու Սերժ Սրապիոնյանը «խավար» են, ուրեմն ողբամ, երի՛ցս ողբամ այն «լույսին», որ դուք եք բերելու․․․

Եվ ահա Դուք՝ հայ դպրության «լուսաբերդ», օգոստոսի 26-ին, ինչպես ֆեյսբուքյան Ձեր էջն է ավետում, «համապետական ծնողական ժողով» եք հրավիրել՝ ուղիղ եթերում քննարկելու դպրոցի, նոր ուսումնական տարվա հետ կապված հարցեր ու խնդիրներ։ Լավ եք անում, «համապետական ծնողական ժողովն» էլ, ի դեպ, բավական կրեատիվ է հնչում և լավ է ձևակերպված, միայն մի բան եք մոռացել։ Շուրջ մեկ ամիս Դուք իրակա՛ն ծնողական ժողովի էիք կանչված հայ հանրության լավագույն »ծնողների» կողմից, բայց այդ ժողովին այդպես էլ չներկայացաք։ Վատ աշակերտի պես Դուք անընդհատ փախաք «դասերից»։ Եվ «ծնողական համազգային ժողովը» Ձեզ արդեն բացակա է դրել ու Ձեր վարքը գնահատել անբավարար։ 

Հ․Գ․։ «Ամենամութ ժամը լուսաբացից առաջ է»,- իբր իմաստախոսել է սույն բացական՝ մոռանալով շեշտել, որ խոսքն իր պարագայում լրիվ այլ՝  ոչ հայկական՝ սորոսական լուսաբացի մասին է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել