News.am-ը գրում է․

Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին այս շաբաթ Իրան կայցելի։ Այս մասին շաբաթ հայտնել է Վիեննայում միջազգային կազմակերպությունում Իրանի մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբ Աբադին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Իրանի եւ ԱԷՄԳ-ի միջեւ շարունակվող փոխգործակցության եւ համագործակցության համաձայն՝ Ռաֆայել Գրոսին Իրանի հրավերով այս շաբաթ կայցելի Իրան։ Իրանը գործակալության հիմնական գործընկերներից մեկն է, մենք հուսով ենք, որ այս այցը կհանգեցնի փոխադարձ համագործակցության ամրապնդմանը»,- նշված է իրանցի մշտական ներկայացուցչի Twitter-յան էջում։

Ինքը՝ Գրոսին Twitter-ում նշել է, որ Թեհրան կայցելի երկուշաբթի Իրանի իշխանությունների հետ հանդիպելու եւ Իրանի հետ փոխգործակցության շուրջ կուտակված հարցերը քննարկելու համար։ Նրա խոսքով՝ իրեն անհրաժեշտ է Իրանի հետ համագործակցության համար երկխոսություն հաստատել։

Ռուսաստանն ավելի վաղ Իրանին կոչ էր արել ԱԷՄԳ-ին հասանելիություն տրամադրել չհայտարարված միջուկային նյութի հնարավոր պահման 2 օբյեկտներին։ Ինչպես իր Twitter-յան էջում նշել էր Վիեննայում միջազգային կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը, եթե Գրոսին Իրան այցելի, «ապա դա հոյակապ հնարավորություն կլինի Իրանում երկու չհայտարարգրված հարթակներ գործակալության տեսուչների այցի հարցը քննարկելու եւ կարգավորելու համար»։

ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհուրդը հունիսի 19-ին ընդունել էր «եվրաեռյակի» (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) բանաձեւը՝ երկու օբյեկտներին հասանելիություն տրամադրելու Իրանին ուղղված պահանջով, որտեղ գործակալությունը կասկածում է չհայտարարված միջուկային նյութի հնարավոր պահպանում։ Բանաձեւի նախագիծը մշակվել էր Գրոսիի համապատասխան զեկույցի հիման վրա։ 35 պետություններից խորհրդի 25 անդամները բանաձեւին աջակցել էին, Ռուսաստանն ու Չինաստանը դեմ էին քվեարկել, 7 երկիր ձեռնպահ էր մնացել։.

Ուլյանովը ԱԷՄԳ-ին եւ Իրանին այս խնդիրը կարգավորելու կոչ է արել, որը կարող է խորանալ բանաձեւի պատճառով։ Վիեննայում միջազգային կազմակերպություններում Չինաստանի մշտական ներկայացուցչությունը նախազգուշացրել է իրանական միջուկային ծրագրի Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի ապագայի համար խոշոր հետեւանքների մասին։ Քազեմ Ղարիբ Աբադին մերժել է բանաձեւը եւ նախազգուշացրել պատասխան գործողությունների մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել