News.am-ը գրում է․

Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի՝ Հակոբջանյանների ընտանիքի 5 երեխաների մոտ թունավորում է մկնդեղից, նրանք եւս մի քանի օր հիվանդանոցում մնալուց հետո դուրս կգրվեն։ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցից NEWS.am-ին հայտնեցին, որ երեխաներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։

Թունավորման հետեւանքները կարող են երկար տեւել, ըստ այդմ՝ երեխաների բուժումը մի փոքր երկար կտեւի։ Մկնդեղից երեխաների արյան մակարդելիությունն է իջել եւ նրանց մոտ արյան զեղումներ են առաջացել։

Ընտանիքի մյուս՝ երկու երեխաները գտնվում են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, 6 տարեկան տղայի վիճակը ծայրահեղ ծանր է, նրա կյանքին դեռեւ վտանգ է սպառնում, իսկ 4 տարեկան երեխայի վիճակը համեմատաբար ավելի լավ է։ Երեխաները տուժել էին ծեծի հետեւանքով, ինչի կասկածանքով նախ ձերբակալվել էր նրանց պապը, ապա այսօր՝ նրանց հորաքույրը, որ երկրորդ կարգի հաշմանդամություն ունի, մտավոր խնդիրներ։ Ընդ որում, ըստ քննչական կոմիտեի՝ 28-ամյա Մարիաննան  պարբերաբար, դիտավորությամբ ձեռքերով, ոտքերով, փայտով եւ այլ առարկաներով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր 5 անչափահաս երեխաների, ինչպես նաեւ՝ համատեղ բնակվող եղբոր 2 անչափահաս որդիների մարմնի տարբեր մասերին։

Այսպիսով՝ ընտանիքում 5 չափահաս եւ 7 անչափահաս կա։ Նրանք բոլորն ապրում են փոքրիկ տանը, քնում մի ննջասենյակում։ Ընտանիքի պատմությունը դեռեւս մի քանի ամիս առաջ հանրայնացվել էր այս տարվա ապրիլի 13–ին «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի եթերում։ Հաղորդաշարի անձնակազմը տեսանկարահանումներ էր կատարել Հակոբջանյանների տանը, ընտանիքը հակահիգիենիկ պայմաններում էր ապրում, երեխաների խնամքը ակնհայտորեն բացակայում էր։ Տեսանյութում Մարիաննան պատմում էր, որ չի կարողանում մաքրել տունը կեղտից, քանի որ երեխաներին է հետեւում, միեւնույն ժամանակ ասում, որ ուտելիքի խնդիր ունեն։

Այդ հաղորդումը նայելիս պարզ է դառնում, որ երեխաներն այս ընտանիքում անպատշտպան են, ու թերևս չէր լինի այս դեպքը, եթե պատկան մարմինները ժամանակին ուշադրություն դարձնեին ու զբաղվեին այս ընտանիքով։

 Տունը, որտեղ ապրում է ընտանիքը, Մարիաննայի հայրական տունն է։ Ամուսնությունից հետո բաժանվել, 3 երեխաների հետ հայրական տուն է եկել, ապա երկու զավակ էլ լույս աշխարհ բերել մեկ այլ տղամարդուց։ Մարիաննան չի աշխատում, բայց մայրը պատմել է, որ ինչ–որ ժամանակ առաջ նա կարճ ժամանակով աշխատանքի է անցել որպես ափսե լվացող, ինչի ժամանակ էլ միջադեպ է պատահել, նրա նկատմամբ 4 հոգի բռնություն է գործադրել, ծեծել են, ոտքերով հարվածել։ Ոստիկանությունում Մարիաննան բողոքել է, թե իրեն բռնաբարել են, ինչի պատճառով էլ նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել սուտ մատնության համար, քանի որ դատարանը պարզել է, որ տղամարդկանց եւ Մարիաննայի միջև սեռական կապը տեղի է ունեցել փոխադարձ համաձայնությամբ: Մարիաննան մնացել է ազատության մեջ, դատարանը հաշվի է առել նրա առողջական վիճակն ու խնամքին անչափահաս երեխաներ ունենալու հանգամանքը։

Այս դատական գործից հետո անգամ համապատասխան մարմինների ուշադրության կենտրոնում ընտանիքը չի հայտնվել, թե ինչպես կարող է նման առողջական վիճակում գտնվող կինը 5 երեխայի մեծացնել։ Երեխաները ընդամենը մի քանի ամիս այս ընթացքում անցկացրել են «ՍՕՍ մանկական գյուղեր» բարեգործական կազմակերպությունում։ Մայրը երեխաներին իր դիմումով թողել է այնտեղ, քանի որ այդ ընթացքում մնալու տեղ չեն ունեցել։ Տունը նորոգելուց հետո երեխաներին մայրը տուն է բերել։

Համայնքապետը թե այն ժամանակ, թե հիմա հարցին, թե ինչու չեն զբաղվել երեխաների խնամքի կազմակերպմամբ, պատասխանել է, որ մի քանի անգամ օգնություն են տրամադրել նրանց որպես սոցիալապես անապահով ընտանիքի, ավելին անել չէին կարող, իսկ մարզպետարանի համապատասխան բաժնից էլ լրատվամիջոցներին հայտնել են, որ այս դեպքից հետո են տեղեկանում ընտանիքի մասին։

Բացի Մարիաննայից, Հակոբջանյանների ընտանիքում եւս 4 չափահաս է բնակվում՝ նրա եղբայրն ու եղբոր կինը, հայրն ու մայրը։ Եղբայրն ու եղբոր կինը նույնպես ունեն առողջական խնդիրներ, այդ թվում՝ մտավոր։ Ընտանիքի մայրն աշխատում է գյուղի դպրոցում որպես մաքրուհի, աշխատանքից հետո գումարով մաքրություն է անում համագյուղացիների համար։ Հայրն ու եղբայրն էլ բանվորական աշխատանք են անում։ Ընտանիքի անչափահասներից ամենամեծը դպրոցական տղա է։

Երեխաների հետագա ճակատագրով նրանց ապաքինումից հետո կզբաղվեն համապատասխան մարմինները, ամենայն հավանականությամբ, նրանց խնամքի կենտրոն կհանձնեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել