News.am-ը գրում է․

Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի բնակիչները վստահ են՝ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը շահագրգռված է, որ նախկին համայնքապետը վերադառնա, որպեսզի միասին թալան անեն։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 21-ին Կառավարության դիմաց  ասաց Արմավիրի մարզի Եղեգնուտի գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատարի տեղակալ Աշոտ Խուրշուդյանը, որը համագյուղացիների հետ միասին  բողոքի ակցիա  էր իրականացնում՝ ընդդեմ նախկին գյուղապետի վերադարձի, որն իրենց խոսքով՝ 34 տարի թալանել և ոչ մի օգուտ չի տվել գյուղին:

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ու  նախկին գյուղապետ Ռազմիկ Մարգարյանը, ըստ գյուղացիների, ցանկանում են թալանել գյուղը.  «Մարզպետը 2 ոտքը դրել է մի կոշիկի մեջ ու ասում է, որ նախկինը պետք է վերադառնա, որ իրար հետ թալան անեն»,- ասաց նա:

Գյուղում   170 մլն դրամի ասֆալտապատում պետք է իրականացվեր, բայց  Աշոտ Խուրշուդյանը պնդում է, քանի որ  թույլ չտվեցին նախկին գյուղապետին վերադառնալ,  իսկ  մարզպետն ուզում էր նախկին գյուղապետին նորից բերել պաշտոնի,  ամեն ինչ անում է, որ խափանվի այդ ծրագիրը,  որը մարզի 3-րդ խոշոր սուբվենցիոն ծրագիրն է:

«Մենք ունեինք պայմանագիր, որով համայնքի մրցութային գործընթացը պետք է կազմակերպվեր, հունիսի 20-ից արդեն կարող էինք մրցույթ հայտարարել և ասֆալտապատոումը կարող էր սկսվել։ Մինչև օրս մարզպետի շնորհիվ ոչ մի գործ չի կատարվել»,- նշեց Խուրշուդյանը։

Աշոտ Խուրշուդյանի խոսքով՝ մեկ ամիս առաջ գյուղացիները հավաքվել էին, երկաթյա շղթայով կողպեքել էին դուռը, սակայն այն ջարդել և մտել են ներս:

«Ոչ ոք մեր գյուղին տիրություն չարեց, ինչքան էլ որ դիմեցինք տարբեր տեղեր՝ Կառավարությանը, պարգամավորներին: Մեր համայնքը 80 տոկոս քվեն տվել է «Իմ քայլին», բայց ոչ ոք չուզեցավ լսել մեր համայնքի բնակիչներին»:

Նրանք այժմ ցանկանում են հանդիպել վարչապետի հետ խնդրին լուծում տալու համար:

Հիշեցնենք նաև, որ Եղեգնուտի նախկին գյուղապետը՝ Ռազմիկ Մարգարյանը, 2018թ․ իշխանափոխությունից հետո վաղաժամկետ վայր էր դրել իր լիազորությունները գյուղացիների ճնշման տակ, այնուհետեւ, այդ ժամանակվա մարզպետ Գագիկ Միրիջանյանի որոշմամբ գյուղապետի պաշտոնակատար է նշանակվել Ռազմիկ Մկրտչյանը:

Ռազմիկ Մարգարյանը դիմել է նախ վարչական, ապա վերաքննիչ դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել մարզպետի որոշումն ու իրեն վերադարձնել գյուղապետի լիազորությունները։

Վարչական դատարանը մոտ 1,5 տարի տեւած դատաքննությունից հետո անվավեր է ճանաչել Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանի՝ Ռազմիկ Մկրտչյանին «Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին» թիվ 287 որոշումը:

Ավագանին որպես խնդրի լուծում առաջարկում է տեղական հանրաքվե անցկացնել այս հարցով, սակայն օգոստոսի 11-ին դիմումը մերժեց ընտրատարածքային հանձնաժողովը, իսկ օգոստոսի 20–ին՝ նաև ԿԸՀ–ն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել