Hraparak.am-ը գրում է․

Արտագնա աշխատանքի մեկնողները՝ խոպան գնացողները, ասեղների վրա դեռ սպասում են խոպանի ճանապարհի բացվելուն, թեև արդեն օգոստոսի վերջն է, և տարվա այս հատվածում նախորդ տարիներին սովորաբար վերադառնալու մասին էին մտածում։ Իրավիճակը հատկապես ծանր է Մարտունուն հարակից համայնքներում։ Մեր զրուցակիցն ասաց, որ պատրաստվում են բողոքի ակցիաներ իրականացնել, որ ի վերջո կառավարությունը հասկանա, որ իրենք ապրուստի հարց ունեն լուծելու։ Ի դեպ, վերջերս վարչապետը հենց այս համայնքներում էր, որտեղ ճանապարհներ են կառուցում, մեր զրուցակցին հարցրինք, թե ինչո՞ւ հենց համայնքում չի աշխատում, չէ՞ որ այնտեղ հիմա աշխատանքի տեղ պետք է, որ լինի, ասաց, որ այդ աշխատանքները բավարար ծավալներ չունեն․ «Ասենք ես ու ախպերս գնացինք էդտեղ աշխատեցինք, բա մյուսները որտե՞ղ են աշխատելու, դրանով ի՞նչ հարց ա լուծվում, համ էլ էստեղ ի՞նչ փող ա կտան, ինչ էլ աշխատես, ձեռի հետ կերթա, արդեն գժվանք գյուղում պարապ-սարապ նստելով»,- ասաց Լիճք համայնքի բնակիչը։

Խոպանի փակվելուն զուգահեռ արտագնա աշխատանքի մեկնողների մի փոքր մասը տեղափոխվել է Երևան, այստեղ փորձում են շինարարական ինչ-որ աշխատանքներ կատարել։ 24-ամյա Արմանը, որ արդեն 4 տարի է, ինչ կանոնավոր կերպով ամեն տարի ՌԴ է գնում, մեզ ևս ասաց, որ քաղաքում կատարած աշխատանքը և՛ ծավալներով է փոքր, և՛ վարձատրությունն է անհամեմատ ավելի ցածր։ Այժմ երևանում վերանորոգման աշխատանքներ է կատարում՝ նույն գործը, ինչ անում էր Ռուսաստանում, սակայն դժգոհ է ու սպասում է թռիչքների վերաբացմանը․ 

«Ես կյանքում լուրեր նայած չկայի, բայց հիմա ամեն օր կնայեմ, որ տեսնեմ՝ բացո՞ւմ են, թե՞ չէ»,- ասաց Արմանը։ Արտագնա աշխատանքի մեկնողների մի մասն էլ արդեն մեկնել է Ուկրաինա՝ չարթերային թռիչքներով, Արմանն ասաց, որ ինքը Ուկրաինա գնալ չի կարող, ինքն այնտեղ ծանոթ չունի, իսկ Ռուսաստանում կիսատ թողած աշխատանքներ կան, որոնք պետք է ավարտի, որպեսզի գումար ստանա։ 

Նշենք, որ մենք դիմել էինք ԱԳՆ՝ հարցնելով, թե կա մոտավոր ժամանակահատված, թե երբ պետք է վերսկսվեն ՌԴ-ի հետ թռիչքները, ստացել ենք հետևյալ ոչինչ չասող պատասխանը․

 «Հարցը գտնվում է երկկողմ քննարկումների օրակարգում։ Եթե լինի ավելի հստակ տեղեկություն, այն հասանելի կլինի պաշտոնական բոլոր հնարավոր տեղեկատվական աղբյուրներով»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել