Hraparak.am-ը գրում է․

Սերժ Սարգսյանի հավատարիմ զինակից Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրի բացօթյա հատվածում երեկ առաջին անգամ բոլոր լրատվամիջոցների առջեւ մեծ ասուլիս տվեց Հայաստանի երրորդ նախագահը։ Սա կարելի է համարել պատմական իրադարձություն, որովհետեւ իշխանության եղած իր տասը տարիների, ապա նաեւ վերջին երկու տարվա համառ լռությունից հետո առաջին մեծ ասուլիսն էր Սերժ Սարգսյանի ու նաեւ մեր՝ որոշ լրագրողներիս կյանքում։ Տասը տարի շարունակ Հայաստանում գործող լրատվամիջոցների մեծ մասի, հիմնականում ընդդիմադիր ԶԼՄ-ների համար նախագահականի դռները փակ են եղել, Սերժ Սարգսյանն էլ՝ անհասանելի։ Նրանից միայն մեղադրանքներ ու մերժումներ ենք ստացել, եւ անգամ պաշտոնական միջոցառումներին մեզ չեն հրավիրել։

Երեկվա ասուլիսը, սակայն, լրիվ հակառակի մասին էր խոսում, որ նա, փաստորեն, ընդունակ է բաց ու անկեղծ շփվել լրագրողների հետ, չկոպտել նրանց, համբերատար լսել անգամ ամենատհաճ ու կրկնվող հարցերը եւ շատ հարգալից ու քաղաքավարի պատասխանել դրանց։ Ու ամենակարեւորը՝ լրագրողներին չէր մեղադրում երկրում «գաղջ» մթնոլորտ ստեղծելու մեջ։ Եթե այս ամենը լիներ «Սերժի օրոք», Սերժ Սարգսյանը, իր թույլ տված բազմաթիվ սխալներով հանդերձ, գուցե այսօր այս կարգավիճակում խոսելու կարիքը չունենար։ Եթե նույն անկեղծությամբ, ինչ երեկ էր, շփվեր ժողովրդի ու լրագրողների հետ ու բաց տեքստով խոսեր իր եւ թիմի սխալների մասին, ընդուներ դրանք ու պատրաստակամություն հայտներ նաեւ շտկելու դրանք, ապա ժողովուրդը նրան այդպես չէր մերժի, ինչպես 2018-ին եղավ, եւ այսօր էլ նրան ուղղված բացասական վերաբերմունքի չափաբաժինը փոքր կլիներ։

Երեկ Սերժ Սարգսյանը, ում անդադար քննադատել ենք իր կառավարման տարիներին եւ, անկեղծ ասած, նաեւ փափագել նրա հեռացումը, հաճելիորեն զարմացրեց մեզ։ Լավ իմաստով զարմացրեց մեզ նաեւ նրա գրասենյակի ղեկավար Մերի Հարությունյանը, ով նույնպես մեզ համար միֆական մի կերպար էր՝ խիստ անհաղորդ ու անհասանելի։ Նա ուղիղ երեք ժամ դիմացավ մեզ եւ բոլորիս հարցի իրավունք տվեց, ոմանց՝ անգամ երկու անգամ։ Եվ ոչ մի տրտունջ։ Նույնը նաեւ Սերժ Սարգսյանի դեպքում էր։ 

Թեման ապրիլյան պատերազմն էր, ու մեզ նախապես խնդրեցին թեմայից դուրս այլ հարցեր չհնչեցնել, որովհետեւ դրանց ՀՀ երրորդ նախագահը պատասխանելու է հաջորդ ասուլիսների ընթացքում։ Բայց մենք՝ մեր լրագրողական բնավորության համաձայն, փորձում էինք «արանքը ճղել» ու ներքաղաքական բնույթի հարցեր էլ հնչեցնել։ Եվ նույնիսկ 20-30-րդ անգամ թեմայից շեղվող ու կրկնվող հարցերին Սերժ Սարգսյանն արձագանքում էր շատ խաղաղ ու համբերատար՝ առաջարկելով այդ հարցերի պատասխանները թողնել մյուս ասուլիսին։ Նա նաեւ որեւէ ավելորդ խոսք, որեւէ ինտրիգ հարուցող եւ քննադատական գնահատական չհնչեցրեց իր քաղաքական ընդդիմախոսների, այդ թվում՝ գործող իշխանությունների հասցեին, ինչի պակասը չի զգացվել, օրինակ, Նիկոլ Փաշինյանի ասուլիսներում։ Ամեն ինչ շատ զուսպ էր, հավասարակշռված ու դրանով իսկ՝ նաեւ մի փոքր ձանձրալի։ Իսկ ոմանց համար էլ՝ կասկածելի։

Ամբողջ խնդիրն այն էր, որ Սերժ Սարգսյանը երեք ժամ տեւած ասուլիսում այդպես էլ չկարողացավ հստակ ասել, թե որն էր այն մեսիջը, ուղերձը, որի համար նա հրավիրել էր այս ասուլիսը։ Իր բնավորության համաձայն՝ պետք էր շախմատային քայլերով, տողատակերի մեջ խորանալով, վերլուծելով՝ փորձել հասկանալ, թե ինչ էր ուզում ասել նա այս կամ այն պատասխանով։ Մեծ հաշվով՝ Սերժ Սարգսյանը չասաց բան, ինչը ֆուրոր կառաջացներ դաշտում, ինչն այնպիսի նորություն կլիներ, որին իսկապես սպասում է հանրությունը՝ իմանալու այս կամ այն հարցի մասին ճշմարտությունը։ Թերեւս նաեւ թեման այդքան տրամադրող չէր․ չորս տարի առաջ տեղի ունեցած ապրիլյան պատերազմի մանրամասները, գուցե, այսօր այդքան էլ չեն հուզում հանրությանը։ Հատկապես, որ ԱԺ-ում քննիչ հանձնաժողովը շուտով զեկույց է հրապարակելու, եւ գուցե ավելին ասվի այդ զեկույցի շրջանակներում, քան Սերժ Սարգսյանի երեկվա ասուլիսն էր։

ՀԳ․ Ի դեպ, Սերժ Սարգսյանի ասուլիսը երեկ ոչ ոք, չգիտես ինչու, չհարամեց ու չտապալեց։ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները, ՀԱԿ-ի ակտիվիստներն ու տարատեսակ սորոսականները երեկ չկային եւ ակցիա չէին անում, Վարդգես Գասպարին էլ չէր պառկել «Հարսնաքարի» դիմաց։ Մինչդեռ այդ նույն զանգվածը մեկ տարի առաջ տապալեց Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, ում խոսքը չէին ուզում լսել։ Սերժ Սարգսյանին, փաստորեն, ուզում էին լսել, նրա խոսքը հետաքրքիր էր, կամ էլ նիկոլականներն ու մյուսները Սերժ Սարգսյանին ավելի շատ են սիրում, քան Ռոբերտ Քոչարյանին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել